Թուրքիայի Մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը Իսպանիայում թուրք լրագրողների հետ հանդիպմանը շոշափել է Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկի թեման։
Շենթոփը նշել է, որ հաշվի նստելով Իսպանիա-Թուրքիա հարաբերությունների հետ՝ առ այսօր Իսպանիայի տարբեր գումարման խորհրդարանների մեծամասնություններն այս հարցում առաջ քաշված որոշումներին կողմ չեն քվեարկել։
«Այս հարցը Հայաստանին, Հայաստանում ապրող հայերին ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը՝ վնասակար կլինի։ Սրանք գործեր են, որոնք փորձում են անել հայկական սփյուռքի հակաթուրքական շրջանակները՝ առանց մտածելու իրենց ժողովրդի ու Հայաստանի մասի։ Անհրաժեշտ է խաղաղություն եւ համագործակցություն»,- պնդել է Թուրքիայի Մեջլիսի նախագահը։
Մուստաֆա Շենթոփը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»։ Թուրքիայի խորհրդարանի նախագահն առաջարկել է նման հարցերով զբաղվելու փոխարեն առաջ նայել՝ հանուն տարածաշրջանում ժողովուրդների համար բարեկամության միջավայրի ստեղծման։