Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթ։
Այսուհետեւ Հայաստանը կունենա 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված: Նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։ Բացի դրանից՝ Կապան համայնքի ղեկավարի առաջարկով, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համայնքների խոշորացման մասին ԱԺ-ում հայտարարել է, թե տարիների փորձը ցույց է տալիս, որ լրջագույն խնդիրներ են առաջանում համայնքի բնակչության 3000-ից քիչ լինելու դեպքում: Նա պնդել է, որ խոշորացումը կնպաստի, որ սահմանամերձ համայնքները չդատարկվեն։
Համայնքների խոշորացմանը դեմ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը եւ լքել է ԱԺ նիստերի դահլիճը։
Գործադիրը պնդել է, որ փոփոխությունները պայմանավորված են 2016-ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։ 2016-ի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորումից հետո ձեւավորվել է 54 խոշորացված համայնք:
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ-ի որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։