ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին:
Ջոն Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման նախաձեռնություններին եւ շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Քննարկվել են նաեւ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ ընթացող ծրագրերը եւ նախաձեռնելու փոխգործակցության նոր ուղղություններ: