ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ՄԱԿ֊ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի, ինչպես նաեւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ եւ արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի, Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նստաշրջանի շրջանակում նախարարը «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպմանը հանդես է եկել ելույթով:
Ադրբեջանը քաղաքականացնում է հումանիտար խնդիրները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծբած ագրեսիայի հետեւանքներին, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, հայ գերիներին առանց նախապայմանների եւ անհապաղ ազատ արձակման խնդրին։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով Ժնեւի կոնվենցիայի դրույթները եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու նրանց պահման վայրերը, արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերջիններիս վերադարձի հարցում՝ քաղաքականացնելով հումանիտար խնդիրները:
Նա ընդգծել է, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։
Տեղահանված արցախահայության խնդիրների քննարկում
ՄԱԿ֊ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման եւ նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։
Միրզոյանն ընդգծել է նաեւ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարեւորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը եւ արհեստական խոչընդոտների ստեղծումը։
Հայ-հորդանանյան բազմաոլորտ հարաբերությունների խորացում
Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ եւ արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ հանդիպմանը նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը եւ կարեւորել 2020-ի փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հայրենիք վերադարձի խնդիրները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարեւորությունը:
Եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը
Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։ Հայաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
Ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա, աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին
ՄԱԿ֊ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման իր ելույթում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:
«Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից:
Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել եւ զարգացնել միջազգային իրավունքը` ներառյալ միջազգային հումանիտար եւ մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները եւ հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլեւ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տեւական քաղաքական լուծում գտնելու գործում»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը: