ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Ես առաջին անձնական հանդիպումն ունեցա նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մենք քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան ՝ ներառյալ Ասոցացման համաձայնագիրը»,- թվիթերյան գրառմամբ հայտնել է Բորելը։
ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում հակամարտության երկարաժամկետ եւ համապարփակ կարգավորմանը:
Ժոզեպ Բորելը թվիթերյան մեկ այլ գրառմամբ հայտնել է նաեւ, որ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ՀՀ ԱԳՆ-ն-ից Բորել-Միրզոյան հանդիպման մասին հայտնել են, որ կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի։ Նրանք գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը եւ այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։
Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման եւ տեւական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։
Երկուստեք կարեւորվել է ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։