Որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից պետք է ասեր այն, ինչ ասաց, միանգամայն կանխատեսելի էր։ Հայաստանի վարչապետի պատասխանն էլ անսպասելի չէր։ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը ոմանց համար վաղուց դարձել է թաղայինի ուշադրությունից դուրս մնացած բեսեդկա (տաղավար), որտեղ ձայնի բարձրն ու բառապաշարի կոշտը որոշիչ են թվում։
Ինչ կասեր Իլհամն՝ իր գործն է։ Մենք պիտի մտածենք, թե ինչ էր ասելու Նիկոլը, որ մի կողմից՝ «ցավազրկեր» նվաստացումը, մյուս կողմից՝ բարձր ամբիոնից ելույթ ունենալը վերածեր հնարավորության։
Ավելին, իհարկե, սպասել չէր կարելի՝ հաշվի առնելով ՔՊ-ական թիմի մտքի որակն ու քաղաքական խառնվածքը։ Բայց խոսենք ոչ թե դառն իրականության, այլ երեւակայելի արժանապատվության մասին։
Պատկերացնենք մի պահ, որ Հայաստանը հունիսի 20-ի ընտրություններում մերժել էր Փաշինյանին՝ պատժելով նրան ծանր պարտության ու կորուստների համար։ Պատկերացնենք նաեւ, որ մերժել էր Ալիեւի ելույթում հիշատակված զույգին, որն ավելի քան քսան տարի բանակցությունները խորաթայի ակումբի էր վերածել։
Ամբիոն բարձրացողը պետք է ասեր՝ մեր ժողովուրդը գնահատել ու վերարժեւորել է կատարվածը։ Մեր ժողովուրդը բանականության մանդատ է տվել նոր իշխանությանը։ Մենք կարող էինք պարտվել, բայց չենք կարող հավերժ պարտված լինել։ Մենք չենք կարող առհասարակ չլինել, գոյություն չունենալ մեր հարեւանների քմահաճության պատճառով։
Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է։ Լեռնային Ղարաբաղը նույն ՄԱԿ-ի բանաձեւերով ուղղակի կամ անուղղակի ճանաչված ազգային միավոր է։ Ազգերի այս ընտանիքում մի՞թե չեն գտնվելու կոշտ ուժի բացառման, նոր աղետների զսպման մեխանիզմներ։
Մոտավորապես այսպիսի տեքստ արտասանելուց հետո բանախոսը պետք է հայտներ, որ նախապես ՄԱԿ-ի քարտուղարությանն է հանձնել համապարփակ առաջարկների մի փաթեթ՝ այդպիսով աշխարհի աչքում երեւալով նախաձեռնող եւ կառուցողական։
Այս դեպքում միայն Իլհամի կոշտ, ինչ-որ տեղ ամբարտավան խոսքն ազգերի ընտանիքում կընկալվեր ոչ թե սոսկ որպես հաղթողի հաշվետու զեկույց, այլ հարեւանին մինչեւ վերջ ոչնչացնելու բացահայտ մտադրություն։
Ֆեյսբուքի օգտատերերից շատերն են նրա ելույթում տեսնում նոր պատերազմի վտանգ։ Ես վերապահ եմ այդ հարցում, բայց չեմ կարող ժխտել տպավորության ծանրությունը։
Ընտրություններից առաջ երբ ասում էինք՝ պարտվածին վերընտրելով պարտությունն ենք արձանագրում, հակադարձում էին «նա մեզ ազատություն է տվել», «անբիծ ընտրություններ է անցկացնում», «հարկայինը օրումեջ չի գալիս ստուգման», «գյուղերում ասֆալտ են փռում» եւ նման այլ՝ քաղաքական պատասխանատվությամբ չթրծված արտահայտություններով։
Հիմա, վայելե՛ք ձեր ընտրությունը, քանզի արժանապատվությունն այլեւս միայն երեւակայելի է։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։