Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին եւ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:
Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:
Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, եւ գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ: Կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Գենադի Անաշկինը ծնվել է 1968-ի դեկտեմբերի 17-ին Սամարա քաղաքում: 1986-ին ընդունվել է Սերգեյ Կորոլյովի անվան ավիացիոն ինստիտուտը։ 1987-ի հունիսին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի կազմում ՝ հետախուզական մոտոհրաձգային գումարտակում։
Ռուսաստանի հերոս Գենադի Անաշկինը մասնակցել է առաջին եւ երկրորդ չեչենական արշավներին: Եղել է Բոսնիա եւ Հերցեգովինայում խաղաղապահ գումարտակի հրամանատար։ 2008-ին Գենադի Անաշկինի ղեկավարած գունդը լավագույնն է ճանաչվել օդադեսանտային զորքերում։ 2008-ի օգոստոսի լույս 9-ի գիշերը գումարտակային մարտավարական խումբը՝ Անաշկինի հրամանատարությամբ, սկսել է վրացական զորքերի դեմ գրոհը Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողության ընթացքում։
Միխայիլ Կոսոբոկովը Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի սկզբին՝ փոխարինելով Ռուստամ Մուրադովին: Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակման մասին լուրը Ադրբեջանում վերապահությամբ էին ընդունել։ Վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանը, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։