Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։ 44 օր տեւած ռազմական գործողությունների եւ նոյեմբերի 10-ի հայտարարության հետևանքով իր վերահսկողության տակ առավ յոթ շրջանները, ինչպես նաեւ գրավեց Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշի քաղաքը, հատվածներ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններից:
Կարո՞ղ էր այս աղետը տեղի չունենալ, կարո՞ղ էինք խուսափել պատերազմից եւ 4000 հազարից ավելի մարդկային կորուստներից: Կարող էինք, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսներ մեծ պատկերը եւ մեծագույն սպառնալիքը՝ պատերազմի անխուսափելիությունը, թուրք-ադրբեջանական նոր գործակցությունը ընդդեմ Արցախի եւ Հայաստանի:
1994 թվականի մայիսի 12-ից, երբ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց անժամկետ զինադադար, Ադրբեջանը նախապատրաստվում էր նոր պատերազմի, քանի որ տարածքներ էր կորցրել: Պատերազմից կարող էինք խուսափել, եթե Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո գնայինք արժանապատիվ խաղաղության: Դա, անշուշտ, դյուրին գործ չէր, բայց մենք չարեցինք հնարավորը: Մենք չցանկացանք խաղաղության համար գին վճարել եւ արդյունքում ստացանք 44-օրյա աղետ:
Երեք տասնամյակ մենք խաղաղության համար գին վճարում էինք սահմանին կանգնած 18-ամյա տղաների կյանքով եւ բավարարվում նրանց կենացները համազգային խրախճանքների ժամանակ խմելով: Ստատուս-քվոյի գինը նաեւ շրջափակված, տնտեսապես եւ տարածաշրջանային նախագծերից մեկուսացած Հայաստանն էր:
Նիկոլ Փաշինյանի ժողովրդայնությունը նրան թույլ էր տալիս փնտրել արժանապատիվ լուծումներ: Կստացվե՞ր դա, թե՞ ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ նա չգնաց խաղաղություն գտնելու ճանապարհով եւ շարունակեց երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքականությունը:
Ինչպիսի՞ն էր լինելու հայ հասարակության հակազդեցությունը, եթե Փաշինյանը գնար խաղաղության փնտրտուքների ճանապարհով, առաջին փուլում վերադարձներ 5 շրջանները Արցախի միջանկյալ կարգավիճակի եւ խաղաղության դիմաց, այն է՝ իրականացներ Լավրովի կամ ռուսական առաջարկները:
Արցախը ամբողջությամբ, Սփյուռքը գրեթե ամբողջությամբ եւ Հայաստանի մի մասը նրան մեղադրելու էին դավաճանության, հողերը վաճառելու եւ հայ ժողովրդի շահերին հակառակ որոշում կայացնելու համար, ինչը, այլ շեշտադրումներով, անում է այսօր: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց քաղաքական թիմերը, մտավորականությունը պահանջելու էին Փաշինյանի հրաժարականը, հայտարարելու էին, որ մենք կարող ենք եւս 30 տարի պահել ստատուս-քվոն (դա, անշուշտ, չէր լինելու նրանց որդիների կյանքի գնով), որ կարող ենք զիջումների գնալ, երբ սպառվեն խաղաղության եւ արժանապատիվ կարգավորման բոլոր հնարավորությունները:
Նրանք Փաշինյանին մղեցին ոչմիթիզականության անկյուն, բայց նրանք չեն հիմնական մեղավորը: Փաշինյանը չպետք է տեղի տար ընդդիմության անպատասխանատու հայրենասիրությանը եւ շանտաժին ու լսեր իր ականջին հասնող սթափության ձայները:
Հիմա ի՞նչ ունենք: Արցախը ամբողջությամբ, Սփյուռքը գրեթե ամբողջությամբ եւ Հայաստանի մի մասը Փաշինյանին մեղադրում է դավաճանսւթյան, հողերը հանձնելու եւ հայ ժողովրդի շահերին հակառակ որոշում կայացնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես մեղադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի միակ առաջնորդին, ով պատրաստ էր 1997-1998-ին գին վճարելու արժանապատիվ խաղաղության համար:
Այսօր արդեն չունենք անվտանգության գոտին, պարտվել ենք պատերազմում, զրկվել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելու մայրական դերից եւ անգամ չենք կարողանում Հայաստանի անվտանգությունը երաշխավորել: Կորցրել ենք 4000 հազար կյանքեր, խեղել 10 հազարը, մեր ժողովրդին զրկել ապագայից ու երազանքներից, վտանգի տակ դրել Սյունիքը, Արցախն ու ամբողջ Հայաստանը:
Սա՞ էր մեր ուզածը: Սա չէ՛ր, բայց մեր քաղաքականությամբ կուրորեն սրան էինք գնում: Մենք ընտրել էինք մի ճանապարհ, որը տանում էր դանդաղ պարտության, արյունաքամ էր անում Հայաստանը, խթանում արտագաղթը, խոչընդոտում մեր տնտեսության զարգացումը: Ոչմիթիզականությունը, Ադրբեջանի եւ Թուրքիայի սպառնալիքների հետ հաշվի չնստելը, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներն անտեսելը մեզ ամեր օր մոտեցնում էին այս աղետին:
Բայց այս աղետը չէր ունենա այսպիսի խորք ու մասշտաբներ, եթե Հայաստանի իշխանությունները պատերազմի առաջին օրերին կանգնեցնեին այն: Նախքան նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որտեղ մենք անելիք այլեւս չունեինք, մի քանի հնարավորություններ կային ավելի ընդունելի տարբերակով կանգնեցնելու պատերազմը եւ գնալու բանակցությունների: Մենք նախընտրեցինք մինչեւ վերջ գնալու եւ մինչեւ վերջ ու գրեթե ամեն ինչ կորցնելու տարբերակը:
Այսօր, այս աղետից հետո են իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջանի մասին: Ընդ որում՝ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի հետ: Ճիշտ այնպես, ինչպես 1920-ի աղետից հետո, երբ կորցրել էինք 30 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան, տվել հազարավոր զոհեր, վիրավորներ ու գերիներ, կորցրել էինք Կարսը, քեմալականները զավթել էին Ալեքսանդրապոլը, Շիրակի դաշտավայրը:
Արեւմտյան Հայաստանը, ապա Արեւելյան Հայաստանի կեսը կորցնելուց հետո միայն ՀՀ ղեկավարները կարեւորեցին Թուրքիայի սպառնալիքի հետ հաշվի նստելը: Այլապես վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը կառավարական հայտարարության մեջ, որ նաեւ ուղղված էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, չէր գրի. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ եւ համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարեւանների հետ»:
Դրանից ընդամենը ամիսներ առաջ՝ 1920-ի օգոստոսին, ՀՀ ղեկավարությունը Սեւրի դաշնագիրն էր տոնում Երեւանում:
2020-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սեւրի հարյուրամյակն էին կարեւորում:
Մենք միշտ ուշանում ենք եւ խաղաղության մասին խոսում անդառնալի թվացող կորուստներից ու պարտություններ կրելուց հետո:
Այսօր խաղաղությունը մեզնից չի կախված, քանի որ մեր դերակատարությունը խիստ սահմանափակ է: Մենք արժանապատիվ խաղաղություն կարող էինք կերտել հաղթած ժամանակ:
Այսօր մեր ուզելով չէ, որ խաղաղությունը գալու է: Բայց մենք կարող էինք արժանապատիվ խաղաղություն բերել 1994-ից ի վեր, ինչը, որպես ազգ եւ պետություն, չարեցինք:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։