Այսօր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հստակ պատասխան չի տվել Ալիեւի` առաջիկա եռակողմ հանդիպման մասին հայտարարությանը։ «Չենք բացառում, բայց այս պահին հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորված ամսաթիվ չկա»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ նշել են փոխվարչապետի գրասենյակից։
2021 թվականի հունվարի 11-ին մոսկովյան բանակցությունների արդյունքում ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ։ Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է Մհեր Գրիգորյանը:
Մայիսի 27-ի առավոտյան 6 հայ զինվորականների՝ սեփական երկրի տարածքում գերեվարվելուց հետո Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հետ կապը դադարեցվել է։ Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Այս ընթացքում փոխվարչապետների մակարդակով քննարկումները դարձյալ դադարեցված էին։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախորդ շաբաթ Երեւանում հայտարարել է, որ բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման։ «Բնական է, որ տրանսպորտային երթուղիների վերականգնումը թույլ կտա զգալի նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ծավալների մեծացման համար։ Հանուն դրա էլ մենք աշխատում ենք»,- ասել է Օվերչուկը՝ նշելով, որ եռակողմ բանակցային խմբի վերջին հանդիպումը եղել է օգոստոսի կեսերին Մոսկվայում։