Գյումրիում մեկ շաբաթ շարունակ «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում քաղաքի գրասեր հասարակությունն ուսաումնասիրում էր ձեռակերտ գիրքն ու գեղագրության պատմությունը։ Նախագիծն իրականացվում էր Գյումրիի «Գալերի 25» պատկերասրահի եւ Für Armenien հիմնադրամի նախաձեռնությամբ, ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։
Ցուցադրություններ, քննարկումներ, վարպետաց դասեր, որոնց միջոցով փորձ էր արվում ծանոթացնելու գրի պատմությանն ու ժամանակակից երեւույթներին։
Նախկինում գրքերի ձեւավորողներին ծաղկող էին անվանում։ Ժամանակներն ու անվանումները փոխվել են, ծաղկողների արվեստը մնացել է նույնը։ Հերթական վարպետաց դասն անցկացրեց գյումրեցի նկարիչ, պատկերազարդող Վահան Թոփչյանը։ Թեման հայոց տառերն էին։ «Ծառի ճյուղն անգամ կարող է դառնալ միջոց, այստեղ ուղղակի մտքի ազատություն է պետք»,-ասաց Թոփչյանը։
«Գալերի 25»-ում կարեւոր մի հանդիպում էլ եղավ տառաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Թարումյանի հետ։
Ընդգրկուն դասախոսությամբ նա մասնակիցներին տարավ գրերի ստեղծման ակունքները, խոսեց տառաստեղծման օրինաչափությունների եւ հայոց այբուբենի ծագումնաբանության հարցերի շուրջ՝ անդրադառնալով, իհարկե, ժամանակակից խնդիրներին։ Հանդիպումը եզրափակվեց Թարումյանի աշխատանքների ցուցադրությամբ։
Վարպետության տպավորիչ դաս անցկացրեց գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանը, որի ստեղծագործության հիմնական նյութը ջինսն է։ Ներկաներին նա ծանոթացրեց ջինսից թուղթ ստանալու եւ դրա վրա տպագրություն անելու հմտություններին։
«Ինչո՞ւ ջինս» հարցին Կարենը պատասխանեց․ «Ջինսը հավասարեցնում է բոլորին, վերացնում հասարակական շերտավորումը»։
«Գիր քարի վրա»․ այս թեմային անդրադարձ եղավ Մարմաշենի վանական համալիրի եւ Տիրաշեն բնակավայրի տարածքներում։ Մասնակիցներն ուսումնասիրեցին ճապոնացի նկարիչ Կունիտո Նագաոկայի «Տակու հոն» մեթոդը՝ որպես քարարվեստի հետազոտման եւ պահպանման ձեւ։ Երկու տարի առաջ Նագաոկան «Գալերի 25»-ի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանի նախաձեռնությամբ անձամբ էր այցելել պատմական այս վայրերն ու քարե արձանագրությունները հատուկ մեթոդով հանձնել թղթին։ Թղթերը նա նվիրել էր պատկերասրահին, ինչն էլ դարձավ ուսումնասիրության առարկա։
Այցելության հաջորդ փուլում գյումրեցի արվեստագետ Հրաչյա Վարդանյանը Վահրամ Պահլավունու եւ Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություննեի վերծանում արեց։
«Պահլավունու արձանագրության մեջ մատնանշված խնդիրները շատ նման են մեր օրերի մարտահրավերներին, ուսանողները թող սովորեն եւ անհաղորդ չլինեն պատմությանը»,- ասաց բանախոսը։
Նույն օրը Վարդանյանն արդեն «Գալերի 25»-ում ներկայացրեց իր՝ «Մտքի լանդշաֆտներ» արվեստագիտական ճամփորդական գիրքը։
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագիծը եզրափակվեց ձեռակերտ գրքերի ստեղծումով։ Առանց հատուկ միջոցների, ձեռքի տակ եղած պարագաներով գիրք ստեղծելու հմտություններին ծանոթացրեց երիտասարդ արվեստագետ Օֆելյա Միլիտոսյանը, նրա կարծիքով դրա համար առաջին հերթին ցանկություն է պետք։
«Միջացառման ավարտով ոչ թե սպառվեց մեր ասելիքը, այլ նոր կողմերով բացահայտվեց գրքարվեստի եւ տառատեսակների թեման։ Կարճ ժամանակահատվածում ստեղծելու ենք ամփոփիչ գրքույկ։ Կառանձնացնենք այն ուղղությունները, որոնք նոր նախագծեր կդառնան»,- եզրափակելով միջոցառումների շարքը՝ ասաց Ալեքսան Տեր-Մինասյանը։
Միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ Գյումրու արվեստի բուհերում կալիգրաֆիան կդառնա մագիստրոսական ծրագիր։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։