Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն առաջարկում են հարթակ ստեղծել Թբիլիսիում` Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մշտական շփումների համար:
Նա նշել է, որ հունիսին Թբիլիսին հանդես է եկել որպես միջնորդ մարդասիրական, խաղաղասիրական գործողություն իրականացնելիս․ 15 հայ գերիներ վերադարձան ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։
«Դա աննախադեպ էր: Անկախություն ձեռք բերելուց ի վեր դեռ չի պատահել, որ Վրաստանը միջնորդ դառնա երկու հարեւան երկրների միջեւ: Մենք այս խնդիրը հաջողությամբ կատարեցինք»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը:
Ղարիբաշվիլին շեշտել է, որ Վրաստանն իր ադրբեջանցի եւ հայ գործընկերներին առաջարկում է միջնորդական ձեւաչափ` հարթակ, որը նախատեսվում է ստեղծել Թբիլիսիում:
«Իմ առաջարկը հենց այս գործընթացը շարունակելն է ավելի բարձր մակարդակով, եւ մենք միջնորդություն ենք առաջարկում մեր եղբայրական պետություններին, մեր ադրբեջանցի եւ հայ եղբայրներին։ Երկխոսության հարթակը, որը պատրաստում ենք ստեղծելու Թբիլիսիում, նշված նախաձեռնությանը շարունակական բնույթ կտա»,- ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ հայտարարել է Ղարիբաշվիլին: