Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ առաջիկայում Ռուսաստան կատարելիք այցին: Նա դժգոհել է դրանց եւ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերությունների մակարդակից: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես ՆԱՏՕ անդամ երկրների, այլ մակարդակի վրա պետք է լինեն, հակառակ դեպքում անհրաժեշտ է բարձրաձայնել դրա մասին:
Էրդողանը նշել է, որ մինչեւ այժմ երկիրը ղեկավարած ԱՄՆ նախագահներից ոչ մեկի հետ նման իրավիճակում ինքը չի հայտնվել: Նա ԱՄՆ-ին մեղադրել է, թե ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն զբաղված է ահաբեկչական կազմակերպություններին մեծ քանակությամբ զենք-զինամթերք մատակարարելով:
Ըստ Էրդողանի՝ քանի դեռ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման կերպ է գործում, Թուրքիան կշարունակի դրա մասին պատմել ամբողջ աշխարհին:
Էրդողանը նշել է, որ Սիրիայում Ասադի իշխանությունը Թուրքիայի համար բավականին մեծ սպառնալիք է: Նա հավելել է, որ այդ հարցում, որպես բարեկամ երկիր, Ռուսաստանից Անկարան տարբեր մոտեցումներ է ակնկալում:
«Հիմա, ինչպես երեւում է, ԱՄՆ-ը Սիրիայի հարցում էլ առանձնապես շահագրգիռ չէ: Ո՞վ կա այնտեղ՝ Իրանը, Ռուսաստանը եւ մենք: Արդարացիորեն, եթե ցանկանում ենք Սիրիան խաղաղության ավազան դարձնել, իրար հետ պետք է բանակցենք, կիսենք»:
Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ Ռուսաստանի մասով Թուրքիայի նպատակը երկկողմ առեւտրաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելն է:
Հետո չասեք՝ չենք զգուշացրել
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ Էրդողանն ասել էր, թե Անկարան մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը:
Ռուսական ՀՕՊ-երի առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 2017-ին, որը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացրել: Վաշինգտոնն արդեն հասցրել է մի քանի պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ:
Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները տեւական ժամանակ Թուրքիային հորդորում է հրաժարվել եւ զերծ մնալ Ռուսաստանից S-400-ի նոր խմբաքանակ ձեռք բերելուց:
«Թուրքիային հիշեցնում ենք, որ Ռուսաստանից ցանկացած էական զինամթերքի ձեռքբերում կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների՝ չհաշված նախկին պատժամիջոցները, որոնք արդեն սահմանվել են CAATSA օրենքի շրջանակում 2020-ի դեկտեմբերին»։
Դատապարտված է կախման ե՛ւ Ամերիկայից, ե՛ւ Ռուսաստանից
Թուրքական «Arti Gerçek» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստան այցից առաջ արած հակասական հայտարարություններին:
Ըստ թուրք վերլուծաբանների՝ Նյու Յորք կատարած այցի ընթացքում խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Էրդողանը փորձել է այն «վարդագույն քողի ներքո» ներկայացնել:
Թուրք վերլուծաբաններն այս առումով հանգել են նրան, որ Թուրքիան ձախողվել է Նյու Յորքում. Էրդողանը, հակառակ իր ջանքերին, չկարողացավ հանդիպել Բայդենի հետ:
Պարբերականի տնօրեն Էրգուն Բաբահանը եւ Ֆեհիմ Թաշթեքինը նշել են, որ եթե Ղրիմի հարցը շարունակվի շահարկվել, Ռուսաստանը կարող է գործի դնել քրդական խաղաքարտը:
Նրանք հավելել են, որ Էրդողանի հանդեպ Բայդենի վերաբերմունքը Պուտինի ձեռքերին ազատություն է տվել: Վերլուծաբանները նախորդ օրը Իդլիբին հասցված 140 օդային հարվածը միանշանակ բացատրել են այդ հանգամանքով:
Թուրք վերլուծաբանները եզրակացրել են, որ Էրդողանը դատապարտված է եւ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի կարիքն ունի: Պարբերականը նշել է, որ Էրդողանի մեծ սխալները Ռուսաստանին դարձրին կարեւոր դերակատար Մերձավոր Արեւելքում: Վերլուծաբանների կարծիքով Էրդողանը տարածաշրջանում Իսրայելին ավելի ուժեղ է դարձրել: Թուրքիայում վերացել է պետական մտածելակերպը:
Նրանք նաեւ նշել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որ թույլ Էրդողանը կորցնի իշխանությունը, նա մի քայլ հետ կգնա Իդլիբում:
Հոդվածի վերջում թուրք վերլուծաբաններն էրդողանյան Թուրքիայի դիվանագիտությունը «դոնկիխոտություն» են որակել: