Ըստ թուրքական Daily Sabah-ի` Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին անցկացված համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է, որ պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատվի:
Չավուշօղլուն ընդգծել է, թե հաշվի առնելով ներկա դրական ազդակները՝ Թուրքիան կհամակարգի բոլոր այն քայլերը, որոնք կձեռնարկվեն Հայաստանի հետ հարաբերությունների վերահաստատման համար, սակայն իր հայ պաշտոնակցի հետ հանդիպում առայժմ նախատեսված չէ: Չավուշօղլուն նշել է, թե Ադրբեջանն առաջարկել է խաղաղության համապարփակ համաձայնագիր Հայաստանի հետ, սակայն վերջինս դրական չի արձագանքել խնդրանքին:
Ըստ Չավուշօղլուի՝ Անկարան երաշխավորել է լիակատար աջակցությունը Բաքվին՝ «հայկական օկուպացիայից իր տարածքները ազատագրելու ջանքերում»:
Չավուշօղլուն նշել է, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը՝ որպես «երկու նախագահներ եւ երկու եղբայրներ», պարբերաբար հեռախոսազրույց են ունենում, սակայն մոտակա հանդիպման վերաբերյալ դեռ հատուկ հրահանգներ չկան:
Daily Sabah-ը նշել է, թե նախկին խորհրդային երկու հանրապետությունների հարաբերությունները լարված են եղել սկսած 1991 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ, սակայն սեպտեմբերի 27-ին բռնկվեցին նոր բախումներ: «Այդ ժամանակից ի վեր Հայաստանը բազմիցս հարձակումներ է գործել Ադրբեջանի քաղաքացիական անձանց եւ ռազմական ուժերի վրա՝ նույնիսկ խախտելով հումանիտար հրադադարի երեք պայմանավորվածություններ»,- այսպես է ներկայացրել լրատվամիջոցը:
Ըստ Daily Sabah-ի՝ «Ադրբեջանի տարածքի մոտ 20%–ը երեք տասնամյակ գտնվել է հայկական օկուպացիայի տակ: Ադրբեջանը վերադարձրել է Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքում գտնվող տարածքների մեծ մասը, որը կորցրել էր 1991-1994 թվականների պատերազմի ընթացքում՝ ունենալով մոտ 30 000 մարդկային զոհեր, ինչը շատերին ստիպել էր հեռանալ իրենց տներից։ Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի տարածքային նվաճումների չափը»:
Daily Sabah-ն ընդգծել է, թե Թուրքիան կարծում է, որ մշտական խաղաղությունը հնարավոր է Հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների միջեւ փոխադարձ անվտանգության վրա հիմնված համագործակցության շնորհիվ:
Լրատվամիջոցը հիշեցրել է, թե Թուրքիան կոչ էր արել ստեղծելու վեց պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ հարթակ՝ տարածաշրջանում մշտական խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն հաստատելու նպատակով:
Պատրաստեց Կարինե Դավոյանը