Գերմանիայում կիրակի տեղի ունեցած ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրողների ձայների 25,7%-ը ստանալով՝ նրանք ավելի քան 1.5%-ով առաջ են անցել 24,1% ռեկորդային ցածր արդյունք գրանցած Քրիստոնեա-դեմոկրատների միությունից:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ երկու ուժերն էլ մտադիր են կոալիցիա կազմել ու կառավարություն ձեւավորել խորհրդարան անցած Կանաչների (մոտ15 %) եւ Ազատ դեմոկրատների (11,5 %) հետ։
Անգելա Մերկելն այս ընտրություններին չէր մասնակցում: Դեռ երկու տարի առաջ Մերկելը հայտարարել էր, որ այլեւս չի պայքարի կանցլերի պաշտոնի համար եւ հիմա հավատարիմ է մնացել իր խոստմանը։
Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցն այսօր ասել է, որ ընտրողները հստակ արտահայտվել են՝ կոալիցիա պետք է կազմեն սոցիալ-դեմոկրատները, «կանաչներն» ու ազատ դեմոկրատները։ Շոլցը նշել է նաեւ, որ ընտրողները Անգելա Մերկելի պահպանողական ուժին իրենց քվեով հուշել են, որ 16-ամյա իշխանությունից հետո ընդդիմադիր ճամբար տեղափոխվելու ժամանակն է։
Քրիստոնյա-դեմոկրատների նոր առաջնորդ Արմին Լաշետն էլ ասել է, թե կոալիցիա կազմելու եւ պահպանողականների գլխավորությամբ կառավարություն ձեւավորելու համար կանեն հնարավորը։