Ըստ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի՝ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» եւ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի համադրումը ցույց է տվել, որ արդյունքում S-սպիտակուցի դեմ հակամարմինների բարձր աճ է գրանցվում։
Հիմնադրամում նշել են նաեւ, որ ըստ հետազոտության 57-րդ օրը գրանցված միջանկյալ վերլուծության արդյունքների՝ կամավորների 85%-ի մոտ SARS-CoV-2 վիրուսի փշանման (S) սպիտակուցի չեզոքացնող հակամարմինների քառապատիկ ու ավելի մեծ աճ է նկատվել:
Տվյալները ստացվել են համադրության երկու բաղադրիչները ստացած առաջին 20 մասնակիցների հետազոտության արդյունքների հիման վրա: Իբրեւ առաջին բաղադրիչ կիրառվել է «AstraZeneca» ընկերության, իսկ 29 օր դադարից հետո, իբրեւ երկրորդ բաղադրիչ, «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերը:
2021-ի փետրվարին Ադրբեջանում մեկնարկած հետազոտությանը 100 կամավոր է մասնակցել: Բացի դրանից՝ պատվաստանյութերի համադրման համապարփակ ծրագրի շրջանակում կլինիկական հետազոտություն է անցկացվում Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Ռուսաստանում: Կարգավորիչները թույլ են տվել հետազոտություններ անցկացնել նաեւ Բելառուսում։
«Պատվաստանյութերի կոկտեյլն» առաջին անգամ կիրառվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի հիմքով։ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամն աշխարհում առաջինն է հանդես եկել արտասահմանյան պատրաստուկների հետ «Սպուտնիկ V» առաջին բաղադրիչի համատեղ հետազոտությունների նախաձեռնությամբ:
Նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը, Գամալեայի անվան կենտրոնը, «Ռ-Ֆարմ» ընկերությունների խումբը եւ «AstraZeneca» ընկերությունը համագործակցության հուշագիր էին ստորագրել «AstraZeneca» պատվաստանյութի եւ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչի անվտանգության եւ իմունոգենության համատեղ կլինիկական հետազոտություններ անցկացնելու համար:
Նշենք, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը կարտադրվի նաեւ Հայաստանում: