ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կշարունակեն երկխոսությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարությունում նշված է, որ գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերականգնումը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց եւ հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն ու կդառնան ավելի լայն երկխոսության մաս` առկա խնդիրները լուծելու եւ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար։
Մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Նյու Յորքում տեղի է ունեցել նախորդ շաբաթավերջին։ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը առանձին հանդիպումներ են ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։
Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցեր։
Արարատ Միրզոյանը Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում փաստել է, որ մինչեւ հիմա Ադրբեջանում հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական պատանդներ են պահվում։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաեւ հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը։
ՄԱԿ-ի գրասենյակից հայտնել են, որ Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է կառույցի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցություններին եւ խաղաղապահ ջանքերին, վերահաստատել է ՄԱԿ-ի՝ հակամարտությունից տուժած մարդկանց եւ այլոց լրացուցիչ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Հանուն ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ։
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի անդամ Հայաստանը կարեւորում է դաշինքի նպատակները, որոնք ուղղված են ներառական հասարակությունների կառուցմանը, ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության ամրապնդմանը։
Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված մարտահրավերները։ Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման եւ այդ նպատակով միջազգային հանրության ներգրավման անհրաժեշտությունը։