ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապառազմականացված գոտի ստեղծելու իր առաջարկը ներկայացվել էր ԵՄ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորմամբ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այս հայեցակարգն ակտիվորեն տարածվում է միջազգային հանրությունում։
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը, որտեղ այլ հարցերի թվում երկու երկրներին կոչ է արվում սկսելու բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ եւ ուսումնասիրելու ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։
Վերջին մեկ տարում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցելու, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է․ պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարեւանության եւ համայնքների միջեւ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները, զուրկ են իրավական որեւէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն, եւ ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չեն ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլեւ կդառնան իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։
«Ավարտին են մոտենում անվտանգության գոտու հայեցակարգի աշխատանքները, որտեղ ծավալուն վերլուծությամբ, այդ թվում՝ քարտեզի միջոցով, ցույց ենք տվել դրա անհրաժեշտությունը մարդկանց իրավունքների պաշտպանության համար»,- շեշտել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։