Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակն Իտալիայում նշվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:
«Ալիք Մեդիա»-ն Իտալիայում ՀՀ դեսպանատնից տեղեկացավ, որ միջոցառմանը Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի եւ Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հրավերով մասնակցել են Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, ազգային եւ տարածքային իշխանություններ, Մխիթարյան միաբանության հայրեր, Հայ առաքելական եկեղեցու եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Դեսպան Համբարձումյանն իր ելույթում նշել է, որ Վենետիկն այս տարի ընտրվել էր որպես միջոցառման խորհրդանշական վայր՝ անկախության տոնի առթիվ մեկ անգամ եւս ցույց տալու հայ-վենետիկյան ամուր պատմամշակութային կապերը: «Կրթամշակութային այս օջախում են ուսանել եւ դասավանդել մեծանուն այնպիսի հայեր, ինչպիսիք են Ղեւոնդ Ալիշանը, Դանիել Վարուժանը, Թովմաս Թերզյանը, Արփիար Արփիարյանը, Վահրամ Փափազյանը, Զարեհ Մութաֆյանը, Էդգար Շահինը, Հակոբ Փափազյանը, բազմաթիվ այլ մեծեր, որ հայությունն ու հայկականն աշխարհին ներկայացրել են այն ժամանակ, երբ հայոց պետականությունը դեռեւս գոյություն չուներ: Այստեղ է կրթություն ստացել անկախ Հայաստանի առաջին սերունդը, երբ 1991-ին վարժարանն իր պատերի ներսում հյուրընկալել է Հայաստանից ժամանած ուսանողներին, որոնց թվում նաեւ ՀՀ երկու դեսպանների, ինչպես նաեւ Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը»,- ասել է Ծովինար Համբարձումյանը: Հայ-իտալական հարաբերություններին ու դրանց կարեւորությանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Պաոլա Տավերնան:
Տեղեկանում ենք նաեւ, որ երեկ հայ դիվանագետների ուղեկցությամբ Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ ու լրագրողներ, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում շրջայց կատարելով, ծանոթացել են հայ ժողովրդի հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգությանը։
1836-ին հիմնված հայկական պատմական վարժարանում Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառմանն անդրադարձել են իտալական ԶԼՄ-ները: