«Սեպտեմբերի 27-ը սովորական օր էր: Ուշ վերկաց տվեցին. կիրակի էր: 07:20-ին ստուգատեսն ավարտելուց հետո օրվա պատասխանատուն զորքը ուղեկցեց ճաշարան: Երբ արդեն անձնակազմը շարված էր ճաշարանի դիմաց, զորամասի հրամանատարը հայտնեց. «Սկսվել ա, պատերազմը սկսվել ա…»: Նախաճաշ չեղավ, ու հնչեց տագնապի ազդանշանը…»,- պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոն։
Միքայելն իր պաշտպանական դիրքերից ամեն օր վավերագրում էր պատերազմական դրվագներ, ավելի ճիշտ՝ պատերազմի խաղաղ պահերը: Եվ ծնվեց «1080 ժամ» ֆոտոպատմությունը՝ պատերազմի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը:
Չխելագարվելու միջոցն, ըստ Միքայելի, միայն երկու բանի մասին մտածելն էր՝ դիրք պահելն ու ողջ մնալը։ Գիտակցում էր, որ կատարվողը ֆիլմ չէ, այլ իրականություն։ Ամեն պահը՝ ապրված։
Զինվորական ծառայությունն ավարտեց հուլիսին, բայց վերադարձից միայն երեք ամիս անց կարողացավ մարդկանց առաջ բացել սեպտեմբերյան իր օրագիրը:
«Ահեղ կռիվների արանքում մենք ապրում էինք, պատկերներում այդ կյանքն է՝ ապրելու եւ ապրեցնելու 1080 ակնթարթը: Մենք դեռ երկար մտապահելու ենք այդ 1080 ժամերի պատկերները, որ մի պահ կատաղի էին, իսկ հետո արդեն լուռ, անաղմուկ, խաղաղ»,- ասում է Նազարենկոն:
Լուսանկարներում Քարվաճառի խաղաղ լեռներն են, բարձունքները, զինվորների կյանքն ու կենցաղը, տղաների անընդհատ փոփոխվող կեցավայրերը, կանգուն զորամասը, որ Քարվաճառի շրջանը հանձնելուց օրեր առաջ պայթեցվեց, զոհված ընկերոջ՝ Լիպարիտ Դաշտոյանի հիշատակին վառվող մոմերը, եւ վերջին օրերը, երբ քարվաճառցիները կրակի էին տալիս իրենց տները:
Պատերազմի մասին Միքայելը չի սիրում խոսել: Ասում է ՝ չնայած 2020 թվականին ունեցած անդառնալի կորուստներին՝ պատերազմի օրերը հոգեբանորեն այնքան ծանր չի տարել, որքան 2016-ի Ապրիլյանը:
«Ընկերներիս հետ էի խոսում ու շատ ծանր էի տանում, որ իրենք այնտեղ են, ես՝ այստեղ: Այս պատերազմի օրերին հասկացա, վերապրեցի ինչ-որ բան, ստացա հարցիս պատասխանը՝ ո՞վ եմ ես պատերազմի ընթացքի մեջ։ Կա, իհարկե, միջնորդավորված պատկերացումը՝ տարբեր մեդիաների, ֆիլմերի, գրականության միջոցով, բայց իրական պատերազմն այլ է, երբ այն անմիջապես դիպչում է քեզ, քո ընկերներին, տեսնում ես ընկերոջդ մահը»:
Միքայելն ուզում է լուսանկարների միջոցով ցույց տալ շարունակվող կյանքը, հայ զինվորի անկոտրում, պայքարող տեսակը. «Հանուն պատմության, ժամանակի, որ վավերագրված ունենանք հենց այդ ժամանակի նրա դեմքը, ներկա գտնվենք նրա նվիրումի պահին, հերոսությանը»: Նա թեեւ խաղաղ պահերն է արձանագրել, բայց եւ այնպես ամեն կադրում կորուստ ու արհավիրք կա:
Իսկ թե ինչու 1080, այսինքն՝ 45 օր, երբ պատերազմը 44 օր է տեւել, Միքայելն ասում է՝ 45-րդ օրն իրենց դեռ թվում էր, թե պատերազմը չի ավարտվել, դեռեւս չի հայտարարվել հրադադարը: «Ժամանակի զգացողությունը կորցնում ես պատերազմի ընթացքում»:
Միքայելն իր պատանեկան երազանքն է իրականացրել, միշտ երազում էր կոնֆլիկտային գոտում հայտնվել ու վավերագրել պատերազմը: Ցուցադրվեց նաեւ նրա «1080 ժամ» փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որի կադրերն արվել են առաջնագծում, հարցազրույցները՝ պատերազմից հետո:
Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որի որդին ծառայել է Միքայելի հետ: «Պետք է հաղթել գիտելիքով»,- ասաց նախարարը եւ մաղթեց, որ այսուհետ միայն հաղթանակների մասին ֆիլմեր նկարահանվեն:
Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո: Կազմակերպիչն «Ալամեզոն» ընկերությունն է։ Աջակիցներն են «Ֆորմիկա Արտ» կազմակերպությունը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնը», «ՀՌՀ Ուսանողական խորհուրդը» եւ «Oprint»-ը: Միքայել Նազարենկոյի լուսանկարները նկարիչների միության առաջին հարկում կլինեն մինչեւ սեպտեմբերի 29-ը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։