ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ Իգոր Խովաեւը, Էնդրյու Շոֆերը եւ Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոութի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով առաջին օգնականի տեղակալ Դերեք Հոգանի հետ:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շեշտել են, որ միայն բոլոր չլուծված խնդիրներն ընդգրկող համապարփակ կարգավորումը կարող է բարելավել երկու երկրների հարաբերությունները եւ թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղ ապրել միասին:
Հոգանն ու Սլոութը ողջունել են համանախագահների ջանքերը եւ Հայաստանի ու Ադրբեջանի վճռականությունը՝ կրկին երկխոսության միջոցով ներգրավվելու խաղաղ գործընթացում՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ բարգավաճման խթանմանը:
Պետդեպի հաղորդագրությունում նշված է, որ ԱՄՆ-ը խոստանում է շարունակել աշխատանքը՝ նպատակ ունենալով օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները՝ ներառյալ ձերբակալվածների, անհետ կորածների հարցերը եւ մարդասիրական ականազերծման ջանքերը: