Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիետնամ ԱԳ նախարար Բույ Թհան Շոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնական խնդիրներն են պահվող անձանց վերադարձն ու ականազերծման ավարտը:
Լավրովն ընդգծել է, որ անցած տարվա գլխավոր արդյունքը կայունության հաստատումն է։ Ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է բռնի գործողության բացառմանը:
«Սկզբնական փուլում եղած փոքր միջադեպերն արագ լուծվել են։ Հիմա իրավիճակն այնտեղ կայուն է։ Թեեւ, իհարկե, խնդիրները քիչ չեն, առաջին հերթին խաղաղ կյանքի կազմակերպման, ականազերծման գործողության ավարտի, պահվող անձանց վերադարձի եւ այլ հարցերում»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ այժմ գլխավոր խնդիրը խաղաղ կյանքի հաստատումն է այդ հողում, որպեսզի հայկական եւ ադրբեջանական համայնքները փոխվստահություն հաստատեն, եւ լուծվեն փախստականների վերադարձի խնդիրներն ու կենցաղային առօրյա հարցերը:
ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղեւորությունների վերսկսումը՝ երկու երկրների ներկայացուցիչների հետ տեղում հանդիպումների համար։ Հանդիպումներ են նախատեսված նաեւ Ստեփանակերտում։
Ըստ Լավրովի՝ այժմ ՄԽ համանախագահների գլխավոր խնդիրն է «նպաստել այն դրական միտումներին, որոնք պետք է ամեն կերպ ամրապնդել՝ այդ հողի վրա ապահովելով հայկական եւ ադրբեջանական համայնքի գոյակցությունը, համագործակցությունը»: