Բնապահպանական հարցերում որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունն առանցքային նշանակություն ունի։ Մասնակցային գործընթացներով ընդունված որոշումները որակյալ են լինում եւ ապահովում են բազմակողմանի մոտեցումներ։
Քաղաքացիական հասարակության դերը շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործում քննարկելու նպատակով Արեւելյան գործընկերության քաղհասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունները սեպտեմբերի 25-26-ն անցկացրին երկօրյա աշխատաժողով:
Առանցքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքի նոր նախագիծն էր, Սեւանա լճի եւ այլ ջրավազանների աղտոտվածության հիմնախնդիրները, փոքր ՀԷԿ-երի խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր մեխանիզմները:
Աշխատաժողովի անցկացման վայրը պատահական չէր ընտրված: Այն անցկացվեց Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, որի տարածքը յուրօրինակ թանգարան է բաց երկնքի տակ:
Լճաշենը հնագույն՝ մ.թ.ա 4-րդ հազարամյակին, անգամ ավելի վաղ թվագրվող բնակատեղի է եղել: Այսօր էլ տարածքում պահպանվում են կիկլոպյան կառույցներ, բնակատեղիներ, դամբարաններ, հեթանոսական ու քրիստոնեական սրբատեղիներ:
Այստեղ տուն չկա, որի բակից հնագիտական մեծ արժեք ներկայացնող կենցաղային որեւէ իր, զարդեր, քանդակներ, սայլեր գտնված չլինեն: Սակայն Լճաշենի կարեւորությունն, ըստ հնագետների, լիարժեք ներկայացված չէ աշխարհին, դրա արժեքը պատշաճ չի գիտակցվում անգամ մեզանում:
«Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» տեղական հասարակական կազմակերպությունն արդեն քանի տարի է փորձում է լրացնել այս բացն ու նպաստել Լճաշենի հանրահռչակմանը: Ստեղծվել է պատմական մոտիվներով Էթիունի հյուրատուն-սոցիալական ձեռնարկությունը, բարեկարգվել է տարածքը, որտեղից պեղվել է Արգիշտի Ա-ի թողած սեպագիր արձանագրությունը:
Բնապահպանական խնդիրները քննարկելու եւ լուծումներ որոնելու համար աշխատանքային խումբը հենց Լճաշենն էր ընտրել նաեւ՝ հաշվի առնելով, որ այստեղ ոլորտային խնդիրների լուծման գործում համայնքի դերի բարձրացման, հասարակության մասնակցության, սոցիալական ձեռնարկատիրության միջոցով բնապահպանական օգուտների ստեղծման օրինակելի փորձ կա:
Լճաշենում գործարկվել է կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ, որն էլ մեկնարկել է գյուղի փողոցային լուսավորության էներգախնայողության նախագիծ: Սովորական շիկացման լամպերը փոխարինվել են ֆոտոդիոդային էներգաարդյունավետ լամպերով, ինչը հանգեցրել է էներգիայի սպառման 70% կրճատման: Այսպես, գյուղի բոլոր բնակիչներին պատկանող հիմնադրամը էներգախնայողության ծառայություն է մատուցում համայնքապետարանին։ Այդ ծառայության դիմաց համայնքի ղեկավարությունը էներգախնայողությունից ստացած եկամուտներն ամեն ամիս կանոնավոր կփոխանցի «Լճաշեն» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամին մինչև ներդրված գումարի մարումը։
Ընդհանուր ներդրումը ԱՄՆ դոլարով կազմում է 14300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն, ըստ հաշվարկների, հիմնադրամին պետք է վերադարձվի հինգ տարվա ընթացքում: Վերադարձված գումարով հիմնադրամը համայնքի զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենա:
Աշխատաժողովի մասնակիցները կարեւորեցին այս փորձի տարածման հեռանկարը ինչպես Սեւանա լճի ջրհավաք ավազանի, այնպես էլ հանրապետության այլ բնակավայրերում:
Աշխատաժողովին բարձրացված հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին կարդացե՛ք հաջորդիվ՝ «Ալիք Մեդիա Հայաստան» կայքում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։