Նոյեմբերի 21-ին Վրաստանում անցկացվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը՝ ռեկորդային ցածր 26,29 տոկոս ակտիվությամբ:
Վրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները եւ քաղհասարակությունը բոյկոտել էին երկրորդ փուլը՝ սոցցանցերի միջոցով միմյանց չմասնակցելու կոչեր անելով։
Արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրությունների երկրորդ փուլին առանց մրցակիցների էր մասնակցում: Բոյկոտին էին միացել նաեւ մի քանի լրատվամիջոց. նրանք չլուսաբանեցին ընտրությունների ընթացքը:
ԿԸՀ-ի շենքի դիմաց տեղակայված երկաթե բարիկադների վրա ի նշան բողոքի սովետական պաստառներ էին փակցվել: Ընդդիմության աջակիցների ուղերձը հետեւյալն էր. «Վրացական երազանքի» իշխանությունը Խորհրդային միության նմանակն է: Դե իսկ ընտրական հանձնաժողովին տրվել էր «կեղծման բյուրո» ծաղրանունը:
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի (հոկտեմբերի 31) ավարտից հետո, ընդդիմությունը բողոքի դուրս եկավ նոր ընտրական հանձնաժողովի ձեւավորման եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, քանի որ, իրենց կարծիքով՝ հոկտեմբերի 31-ին ընտրողների վրա լայնածավալ ճնշումներ էին գործադրվել եւ ընտրությունն ուղեկցվել էր կեղծիքներով ու բռնություններով։ Ընդդիմությունն ու քաղհասարակությունը խոստացել էին ամենօրյա ռեժիմով բողոքի ցույցեր անել, մինչեւ չբավարարվեն իրենց պահանջները:
Այսօրվա դրությամբ պատկերը հետեւյալն է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները ունի 150 մանդատից 90-ը, «Միացյալ ազգային շարժում – Միացյալ ընդդիմությունը»՝ 36-ը, «ԵվրոպականՎրաստանը»՝ 5, «Լելոն»՝ 4, «Ռազմավարություն Աղմաշենեբելին»՝ 4, «Հայրենասերների դաշինքը»՝ 4, «Գիրչին»՝ 4, «ԱլեկոԷլիսաշվիլի – քաղաքացիները»՝ 2 եւ «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը» 1 մանդատ։
Կգնա՞ն ընդդիմադիրները խորհրդարան, թե՝ ոչ, առայժմ դժվար է ասել։
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։