Ուղիղ 17 տարի առաջ՝ նոյեմբերի 23-ին, Վրաստանում ցուցարարները ներխուժեցին խորհրդարան՝ գրավելով նիստերի դահլիճը եւ պահանջելով նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականը: Նախագահը հրաժարական տվեց, իսկ «Միավորված ազգային շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին մի քանի ամիս անց հաղթեց նախագահական ընտրություններում:
Մինչ այդ, 2003-ի նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունները կեղծ ճանաչվեցին: Դիտորդական կազմակերպությունների զեկույցները խոսում էին համատարած խախտումների մասին: ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն առաջին տեղում էր «Քաղաքացիների միավորում» կուսակցությունը, երկրորդ տեղում՝ «Միացյալ ազգային շարժումը»: Բուրջանաձե-Ժվանիա դաշինքը նույնպես կողմ էր «Միացյալ ազգային շարժման» հաղթանակին եւ խոսում էր հնարավոր ընդվզման մասին:
2003-ի ցույցերը սկսվեցին նոյեմբերի 4-ից: Ընդդիմության հիմնական պահանջը Աջարիայի ընտրատարածքներում արդյունքների չեղյալ հայտարարումն էր: Կառավարության եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքերի մոտակայքում մոբիլիզացված էին մեծ թվով հատուկ ջոկատայիններ: Շեւարդնաձեն ընդդիմությանը երկխոսության կոչ արեց:
Նոյեմբերի 8-ին զանգվածային ցույց եղավ Թբիլիսիի Ազատության հրապարակում, որին մոտ 20 հազար ցուցարար էր մասնակցում, պահանջը՝ նախագահի ու ներքին գործերի նախարարի հրաժարականն էր: Նոյեմբերի 9-ին Շեւարդնաձեն, ցանկանալով բանակցություններ վարել, հանդիպեց ցուցարարներին:
Հետո Կրծանիսիի նստավայրում բանակցություններ տեղի ունեցան Շեւարդնաձեի ու ցուցարարների առաջնորդների՝ Միխեիլ Սաակաշվիլիի, Զուրաբ Ժվանիայի, Նինո Բուրջանաձեի միջեւ, որն ավարտվեց անարդյունք: Հանդիպումն առաջինը լքեց Սաակաշվիլին եւ ժողովրդին լայնածավալ ընդվզման կոչ արեց: Այդ օրվանից Վրաստանի խորհրդարանի մոտ ցույցերը դարձան ամենօրյա։
Ցույցեր էին անցկացվում նաեւ շրջաններում: Սակայն Շեւարդնաձեն շարունակում էր երկխոսության կոչեր անել: Նոյեմբերի 13-ին արդեն Սաակաշվիլին հայտարարեց, որ այլեւս չի պատրաստվում բանակցել: Ընդդիմությունը նախագահի հրաժարականի հետ կապված նույնիսկ ստորագրահավաք նախաձեռնեց: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ցուցարարները կենդանի պատ կազմեցին կառավարության շենքի շուրջ եւ հայտարարեցին քաղաքացիական անհնազանդություն:
Նոյեմբերի 20-ին ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ առաջին երկու տեղում էին իշխանական երկու կուսակցությունները, իսկ «Միացյալ ազգային շարժումը» երրորդն էր: Դիտորդական կազմակերպությունները ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ կապված դժգոհություն էին հայտնում, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարում էր, որ արդյունքները չեն արտահայտում Վրաստանի քաղաքացիների կամքը: Չնայած այս ամենին, Շեւարդնաձեն շարունակում էր խորհրդարանի նիստը:
Նոյեմբերի 22-ին, երբ նոր խորհրդարանի առաջին նիստին Էդուարդ Շեւարդնաձեն հանդես էր գալիս ողջույնի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ ցուցարարները ներխուժեցին նիստերի դահլիճ:
Տեղի ունեցածից հետո Շեւարդնաձեն արտակարգ դրություն մտցրեց: Սակայն արդեն հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովի միջնորդությամբ տեղի ունեցավ նրա եւ ընդդիմության առաջնորդների հանդիպումը, որի ավարտից հետո Էդվարդ Ամբրոսեւիչը հրաժարական տվեց: Նախագահի հրաժարականին հաջորդեցին այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Նոյեմբերի 24-ին Սաակաշվիլին հայտարարեց քաղաքացիական անհնազանդության ակցիաների դադարեցման մասին: Նախագահի ժամանակավոր պաշտոանակատար դարձավ իրենց թիմից Նինո Բուրջանաձեն, որն էլ վերացրեց արտակարգ դրությունը:
«Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեցին: Մինչ այդ՝ հունվարի 4-ին, նախագահական ընտրություններ էին անցկացվել, որտեղ ձայների մոտ 97 տոկոսով հաղթող էր ճանաչվել հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։