ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Բելառուսում երկարատեւ ազատազրկման դատապարտված Մարիա Կոլեսնիկովային շնորհվել է Վացլավ Հավելի անվան մրցանակը։
2020-ի օգոստոսին Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ Կոլեսնիկովան ընդդիմության հայտնի առաջնորդներից էր։ Իշխանությունները անցած սեպտեմբերին նրան ձերբակալել եւ ցանկացել են առանց իր կամքի տեղափոխել Ուկրաինա, բայց նա պատռել էր անձնագիրը՝ խափանելով նրանց մտադրությունը։ Այդ միջադեպից հետո իշխանությունները նրան պաշտոնապես ձերբակալել ու դատարանի միջոցով դատապարտել են 11 տարվա ազատազրկման։
Մարդու իրավունքների պաշտպանության Վացլավ Հավելի անվան ամենամյա մրցանակը հիմնադրել ու շնորհում է ԵԽԽՎ-ն։ Վացլավ Հավելի մրցանակը (60․000 եվրո արժողության) տրվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար։ Մարդու իրավունքների պաշտպանության համար Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի եւ «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։
2013-ին Վացլավ Հավելի մրցանակը եւս տրվել է բելառուսցի ձերբակալված ընդդիմադրի: Երկարաժամկետ դատապարտված Ալես Բիալիացկին այդ ժամանակ արդեն 2 տարի էր, ինչ բանտում էր: Հետագայում նա ազատ արձակվեց:
Չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, այլախոհ և քաղաքական գործիչ Վացլավ Հավելը Չեխոսլովակիայի վերջին նախագահն էր (1989-1992) եւ Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը (1993-2003)։ Հավելը մասնակցել է չեխ ազատական մտավորականների նախաձեռնած «Խարտիա 77»-ի պատրաստմանը։ Նա Պրահյան հռչակագրի հիմնադիր-ստորագրողներից էր։
Եվրոպական խղճի եւ կոմունիզմի մասին Պրահյան հռչակագիրը (կամ՝ Պրահյան հռչակագիր) ստորագրվել է 2008-ի հունիսի 3-ին եվրոպական քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների եւ պատմաբանների կողմից։ Դրա նպատակն էր կոմունիստական ոճիրների դատապարտությունը եւ վերջիններիս ներառումը կրթական ծրագրերում։ Հռչակագիրը ստորագրվել է Պրահայում 2008 թվականի հունիսի 2-3-ին Չեխիայի Խորհրդարանի Վերին Պալատի շենքում անցկացված «Եվրոպական խիղճը եւ կոմունիզմը» վերնագրով գիտաժողովի փակմանը։