ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Սուրեն Պապիկյանը կարեւորել է նաեւ ԱՄՆ-ի դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջմղման կարեւորությունը՝ ընդգծելով տարբեր ուղղություններում ԱՄՆ-ի ներգրավվածության օգտակարությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ, մասնավորապես կանաչ էներգիայի արտադրության ոլորտներում: Փոխվարչապետը շեշտել է, որ նշյալ ոլորտների զարգացման գործում գնահատելի են ԱՄՆ-ի ներդրած ջանքերը, եւ հույս հայտնել, որ աջակցությունը կլինի շարունակական:
Քննարկվել է նաեւ Գորիս-Կապան ճանապարհի շուրջը ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ ներկայում կատարվող քայլերի մասին: Ըստ նրա՝ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը 17 կմ հատվածի վրա: Սուրեն Պապիկյանը նաեւ տեղեկացրել է Տաթեւ-Աղվանի հատվածում 18 կմ նոր ճանապարհի կառուցման մասին՝ անդրադառնալով 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցմանը, որոնք նախատեսվում են վերջնական ավարտին հասցվել 2020-ի գարնանը: Փոխվարչապետը հայտնել է, որ արդեն մեկնարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ աշխատանքները:
Վերահաստատելով ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւս սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարեւոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:
Կողմերը անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը: