Վայոց ձորի երբեմնի շեն Գնիշիկ գյուղը ժամանակին «հացի շտեմարան» են կոչել: Նախկին Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվել է Գնիշիկից: Այժմ այնտեղ գնալիս անցնում ենք մեծ մասամբ անմշակ արտերի եւ հին գյուղատեղիների տարածքով։ Գյուղը ծովի մակերեւույթից բարձր է 2060 մ: Մարզկենտրոնից 24 կմ է հեռու, բայց գնա-գնա, թե կհասնես: Ամեն հաջորդ մետրին՝ սառչող օդ ու թարմություն:
Գյուղի մուտքի մոտ տարբեր ժամանակների գերեզմանատներ են: Գնիշիկը մի քանի անգամ քանդվել ու կառուցվել է, շիրմաքարերն էլ ունեն այդ ժամանակներին բնորոշ ձեւերը:
Ժամանակին 150 ծուխ ուներ գյուղը, հիմա մշտապես երեք ընտանիք է ապրում: Վանիկ պապը ծնվել, մեծացել է Գնիշիկում: 1960-ականներին սողանքների պատճառով բնակչության մեծ մասը տեղափոխվել է նորաստեղծ Արփի գյուղ: Վանիկ պապին էլ են տուն տվել, բայց նա հայրենի գյուղը չի լքել:
84-ամյա Վանիկ պապն ու 80-ամյա Լիդա տատը հինգ երեխա ունեն, որոնք ապրում են մարզի տարբեր բնակավայրերում: Պապն ասում է՝ ինչ էլ լինի, Գնիշիկից գնացողը չէ, երեխաներին տեղավորել է, ինքն ու պառավն էլ իրենց համար ապրում են: «Նռան գինին շատ քաղցր է, բայց հայրենիքի ջուրն ավելի քաղցր է: Մեր հայրենիքը բաց չենք թողել: Պետք է մնանք մինչեւ վերջ»,- ինչ-որ հին երգ է հիշում պապը:
Վանիկ պապը երկար տարիներ անասնապահությամբ է զբաղվել, Սովետի օրոք աշխատել, ընտանիքին լավ պահել է ու դեռ հասցրել բանկ փող «գցել»: Հիմա պապիկն ու տատիկն ամսական 80 000 դրամ կենսաթոշակ են ստանում, մի կերպ ծայրը ծայրին հասցնում:
«23 խոշոր եղջերավոր անասուն էի պահում, կաթը՝ ծով, յուղը՝ ծով, մածունը՝ ծով, հիմա 84 տարեկան եմ, մի բաժակ թանից զուրկ եմ»,- նեղսրտում է գնիշիկցին:
Պապի տան դիմաց Գնիշիկի դպրոցից մնացած ավերակն է: Վերջին աշակերտներն այդտեղ սովորել են 1967-1968 թվականներին: Պապը նստում է տան դիմաց ու նայում դպրոցից մնացած քարակույտին ու հիշում այնտեղ ստացած 4-ամյա կրթությունը, որ, իր խոսքով, ավելի շատ գիտելիք էր տալիս, քան հիմա՝ 10-ամյան:
Գնիշիկի վարչական ղեկավար Արա Լեւոնյանն ասում է՝ ժամանակին մի քանի գյուղերի աշակերտներ 10-ամյա կրթությունը ստացել են Գնիշիկի դպրոցում: Գյուղը դատարկվել է, դպրոցն էլ՝ հետը:
Վերջին մի քանի տարիներին գյուղում աշխուժություն կա: Պապիկը հուսադրող շարժ է նկատում:
Գյուղում հյուրատներ են կառուցվել, Հայաստանից ու արտերկրից հյուրեր են գալիս: Արա Լեւոնյանն ասում է՝ գյուղի աշխուժացմանը նպաստել են Վայրի բնության ու մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամն ու «Վիվա ՄՏՍ»-ը:
Գնիշիկում ջրի, լուսավորության խնդիրը լուծվել է, գյուղտեխնիկա են տրամադրել: Եթե տարիներ առաջ ձմռանը գյուղը շաբաթներով կարող էր փակ մնալ, հիմա նաեւ ձյունմաքրման հարցն է լուծվել, դրա համար նույնպես տեխնիկա ունեն:
Գնիշիկում գարուն-աշուն ապրում ու աշխատում են նաեւ հարեւան գյուղերի բնակիչներ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Վարչական ղեկավարը վստահեցնում է՝ անում են ամեն ինչ, որ մշտական բնակիչների թիվն ավելանա:
«Արդեն 50-60 դիմումներ կան տնամերձ հողատարածք ստանալու, տուն կառուցելու համար: Համայնքապետարանը պայման է դրել՝ տրված հողատարածքում 3-5 տարվա ընթացքում պարտադիր տուն պետք է կառուցվի, ապրեն, հակառակ դեպքում հետ կվերցնեն»,- ասում է նա ու վստահեցնում՝ գյուղը չի մահանալու, վերականգնվելու է՝ թեկուզ որպես զբոսաշրջային կենտրոն:
Մինչ հարեւանությամբ հյուրատներ են կառուցվում, Գնիշիկի վերջին մոհիկաններ Վանիկ պապն ու Լիդա տատն ապրում են մի փոքրիկ բետոնապատ սենյակում, որ նախկինում որպես գոմ է կառուցվել: Գնիշիկի մշտական բնակիչները գրանցված են հարեւան Արփի գյուղում, բայց չեն ցանկանում տեղափոխվել: Փոքրիկ սենյակն ամառ-ձմեռ ցուրտ է, մի կերպ դիմանում են:
Պապիկը ձեռնափայտերով է քայլում, ողնաշարը վնասված է, բայց հաշմանդամության կարգ չունի, որ գոնե նպաստ ստանա: Լիդա տատն էլ աչքերի խնդիր ունի, լավ չի տեսնում: Ասում է՝ տարիներով թոշակից քիչ-քիչ խնայել է վիրահատության համար, բայց դեռ բավարար գումարը չի հավաքվել: Մոտ 300 հազար դրամ է անհրաժեշտ, որ գոնե մի աչքը տեսնի, կարողանա ամուսնուն ու իրենց ձեռքով տնկած այգուն տիրություն անել:
Ձմռանը վառարանով են փորձում սենյակի ցուրտը կոտրել: Լիդա տատը գյուղի ձորերից փայտ է շալակած բերում, գոմաղբից վառելիք ստանում, որ Գնիշիկի երկար ձմեռն անցկացնեն:
Վարչական ղեկավար Արա Լեւոնյանը վստահեցնում է՝ գյուղ մտած ցանկացած օգնություն առաջին հերթին ուղղվում է Վանիկ պապենց: Բայց շատ օգնել չեն կարող, քանի որ նրանք Գնիշիկում գրանցված չեն: Դիտարկմանը, թե Արփին ու Գնիշիկը Արենի համայնքի բնակավայրեր են, իսկ որոշումներ կայացնում է Արենիի համայնքապետարանը, Լեւոնյանն արձագանքում է՝ քննարկում են, օգնում, բայց հիշեցնում՝ տատիկն ու պապիկը հինգ երեխա ունեն:
Մինչ համայնքապետարանում որոշում են գյուղը շենացնել՝ մոռանալով այն դեռ շեն պահողներին, կյանքի վերջին տարիներն ապրող տատն ու պապը մեզ հրաժեշտ են տալիս, տատը պետք է գնա փայտ հավաքելու, ձմեռը մոտ է:
Մի վերջին անգամ հարցնում եմ՝ չե՞ք ուզում Արփի տեղափոխվել, պապը հպարտությամբ պատասխանում է. «Որ հիմա նստեմ ձեր ավտոն, հասնեմ խաչը (գյուղի սկզբնամասում գտնվող մատուռի մասին է ասում), շունչս կփչեմ, ինձ էս սառը օդն ու ջուրն են պահում»:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: