Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հայկական պատմամշակութային ժառանգությունը լուրջ վտանգի տակ է հայտնվել։
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած քննարկման ընթացքում հայտնել է, որ վտանգված է ադրբեջանական վերահսկողության տակ անցած ավելի քան 2000 հուշարձանի ճակատագիրը: Դրանց թվում են 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց եւ 523 խաչքար:
«Արցախի կորսված տարածքներում է մնացել 127 դպրոցական գրադարան, 12 թանգարան՝ ավելի քան 20 հազար նմուշներով»,- ընդգծել է Սերգեյ Ղազարյանը։
ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ հրադադարից հետո եւս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքեր՝ ներառյալ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը: