ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի առկայությունը կայունության երաշխիք է համարել։
«Ակտիվորեն գործում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը։ Այն կայունության լրջագույն երաշխիքն է, ինչպես նաեւ երաշխիք է հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման առնչությամբ»,- նշել է ՌԴ նախագահը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Կիյամադինլի բնակավայրի շրջանում 2020-ի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների ստորագրած հուշագրով:
Կենտրոնում ռուսական եւ թուրքական կողմի 60-ական զինծառայող կա։ Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական մարմինների եւ ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ: