Ըստ իրանական ՄԵՀՐ գործակալության՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը՝ գնդապետ Հոսեյն Փուրէսմայիլը, հայտարարել է, որ Բաքվի հակաիրանական հայտարարությունների հետեւում կանգնած է Իսրայելը:
Փուրէսմայիլը նշել է, որ Իսրայելի ուղղած սպառնալիքները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների շուրթերով, ոչ միայն հակասում են Բաքվի շահերին, այլեւ սպառնում են այդ երկրի գոյությանը: Իրանցի գնդապետը զգուշացրել է, որ Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ հենց Ադրբեջանի համար:
«Նորագույն պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես զարգացավ այն առաջնորդների ճակատագիրը, որոնք վստահում էին ԱՄՆ-ին եւ իսրայելական կողմին»,- ընդգծել է Փուրէսմայիլը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ավելի վաղ հայտարարել է, թե Թեհրանը չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ։
Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները սրվել են շաբաթներ առաջ, երբ ադրբեջանական կողմը սկսեց տուրքեր գանձել Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից, հետո էլ ձերբակալեց երկու վարորդների՝ ապօրինի կարգով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին էլ Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել է երեխայի պահվածքի հետ: