Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող եւս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են 1677 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։