Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը եկող շաբաթ հանդիպումներ կունենա Մոսկվայում ու Բաքվում։ Այցի նպատակն, ըստ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեի՝ երկկողմ ու տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ ԼՂ շուրջ զարգացումների քննարկումն է։
Սեպտեմբերի 27-ից հետո սա Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչների երկրորդ այցն է տարածաշրջանի երկրներ։ Մինչ այս արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին էր այցելել Բաքու, Մոսկվա, Երեւան եւ Անկարա՝ քննարկելու Իրանի առաջարկած ԼՂ հակամարտության կարգավորման երկարաժամկետ խաղաղության ծրագիրը։ Զարիֆի ներկա այցը, կարելի է ենթադրել, նպատակ ունի շարունակելու արդեն իսկ սկսված քննարկումները՝ հաշվի առնելով նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրողությունները։
Իրանի նախաձեռնած խաղաղության ծրագրի ամբողջական էությունն ու մանրամասներն այդպես էլ չհրապարակվեցին, բայց դրա հիմնարար սկզբունքների մասին կարելի է դատել Իրանի պաշտոնյաների, այդ թվում Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի, նրա՝ արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, նախագահ Ռուհանիի, արտգործնախարար Զարիֆի ու նրա տեղակալ Արաղչիի հարցարույցներում, հայտարարություններում ամփոփված մտքերից։ Ըստ այդմ՝ ծրագրի հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքն է, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու արտատարածաշրջանային ուժերի ներգրավման բացառումը։
Իրանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման սեփական նախագծով հանդես գալու նախաձեռնությունը իր համար կարեւոր էր ավելի շատ որպես փաստ ինքնին, բայց ոչ այնքան բովանդակության ու հաջողության տեսանկյունից։ Սա հաշվի առնելով՝ այդ նախաձեռնությունը վերլուծելիս, կարելի է առանձնացնել հետեւյալ նպատակներն ու հնարավոր ազդեցությունները։
-Խաղաղության ծրագրով հանդես գալով՝ Իրանը փորձում էր միջազգային հանրության ու հատկապես տարածաշրջանի երկրների մոտ իր իմիջը բարելավելու ջանքեր գործադրել։ Տարեցտարի երկրի շուրջ սեղմվող օղակը, որ հյուսված է միջազգային տնտեսական պատժամիջոցների, ԱՄՆ-ի հակաիրանական հռետորաբանության ու քաղաքականության, Իրանը՝ որպես տարածաշրջանի անկայունության աղբյուր ու հովանավոր ներկայացնելու փաստերից, եւս մեկ ձգանով ամրանալու ռիսկի տակ էր։ Իրանի համար կենսական նշանակություն ուներ ոչ թե կոնֆլիկտի հրահրողի, այլ խաղաղ հանգուցալուծման ջատագովի դերում հանդես գալը։
-Իրանն, իսկապես շահագրգռված էր օր առաջ հրադադարի հաստատմամբ։ Լինելով տարածաշրջանի միակ երկիրը, որ սահմանակից էր եւ՛ Հայաստանի, եւ՛ Լեռնային Ղարաբաղի, եւ՛ Ադրբեջանի հետ, զինված բախումները անմիջականորեն ազդեցություն ունեին նաեւ իր սահմանների անվտանգության վրա։ Պատերազմի ընթացքում Իրանի սահմանային բնակավայրեր արկերի, ԱԹՍ-ների եւ անգամ խոցված ինքնաթիռ ընկնելու դեպքեր են արձանագրվել, վնասվել են բնակելի տներ, գյուղատնտեսական նշանակության հողեր, վիրավորվել է մեկ երեխա։ Իր սահմանների ֆիզիկական անվտանգության տեսանկյունից անգամ Իրանի համար կարեւոր էր, որ կոնֆլիկտի լուծման ռազմական ճանապարհը հնարավորինս շուտ փոխարինվի խաղաղ բանակցություններով։
-Իրանի համար ռազմական գործողությունները հատկապես ավելի վտանգավոր էին ահաբեկիչների ներկայությունը հաշվի առնելով։ Պետք է ընդգծել, որ դրանք ծայրահեղական իսլամական այն նույն խմբավորումների անդամներ էին, որոնց դեմ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերը պայքարում էին Սիրիայում ու տարածաշրջանի այլ երկրներում։ Այս տարրերի՝ Իրանի հյուսիսային սահմանների մոտ հայտնվելը դիտարկվում էր որպես ազգային անվտանգության խնդիր։ Առաջարկվող ծրագրի քննարկումների համատեքստում ահաբեկիչներին տարածաշրջանից հանելու հարցը, վստահաբար, առաջնայիններից էր։
-Իրանի ներսում պատերազմի ամեն օրը հավելյալ ներքաղաքական խնդիրներ էր առաջացնում իշխանությունների համար։ Որքան էլ երկրի պաշտոնական դիրքորշումը չեզոք էր, բայց առանձին խմբեր ավելի ու ավելի բարձր էին պահանջում դադարեցնել չեզոքությունն ու միջամտել հակամարտությանը՝ փակելով սահմանը Հայաստանի հետ եւ օժանդակելով Ադրբեջանին։ Իրանի հյուսիսային նահանգների բնակիչներն այդ պահանջով ցույցեր էին անում, իսկ նույն նահանգներում Հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչները հանդես էին գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սատարող հայտարարություններով։ Միջնորդական առաքելությամբ հանդես գալը պատասխան էր նաեւ այս խմբերին․միջնորդ երկիրը չի կարող աջակցել որեւէ կողմին։
-Ահաբեկչական խմբավորումների՝ ԼՂ հակամարտության գոտում ներկայության, ինչպես նաեւ Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների ու դրանց նախորդած Շարլի Էբդոյի ծաղրանկարների թեման ԼՂ խնդրին հավելյալ վտանգավոր երանգ ավելացնելու միտում ուներ․ մեր աջակցությունը Ֆրանսիային հաճախ դիտավորյալ մեկնաբանվում էր որպես աջակցություն ծաղրանկարների թեմային։ Դրա շահարկմամբ հրապարակումներ էին հայտնվում նաեւ Իրանում ու լուրջ հարվածի տակ դնում ոչ միայն հայաստանցիների հանդեպ հասարակական ընկալումը, այլ նաեւ Իրանի հայկական համայնքի անվտանգության հարցը։ Միաժամանակ մեր հասարակության մեջ էլ ահաբեկիչների դեմ ցասումը հաճախ արտահայտվում է մուսուլմանների դեմ ցասմամբ։ Ահաբեկիչների ու բոլոր մուսուլմանների նույնականացումը կրոնական հարցերում ոչ այնքան գիտակ ու պատերազմի արհավիքից գերզգայուն դարձած մեր հասարակությանը հակաիսլամական արատավոր հոսանքի մեջ առնելու վտանգ էր ստեղծում։ Երկկողմանի այս ծուղակի դիտանկյունից էլ շատ կարեւոր էր ծրագրի ներկայացման շրջանակներում Իրանի ներկայացուցչի այցը Հայաստան, քննարկումները մեր պաշտոնյաների հետ, տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտության մասին երկուստեք կարեւորումը։
-ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած պլանով նախատեսված խաղաղապահների մասին քննարկումներում Ադրբեջանն առաջ էր քաշում նաեւ Թուրքիային այս առաքելության մեջ ներգրավելու իր ցանկություն / պայմանը․ Իրանի ներկայացուցչի՝ ահաբեկիչների փաստով մտահոգված ու այն անընդունելի լինելու հանգամանքը հավելյալ գործոն էր՝ թույլ չտալու, որ տարածաշրջանում խաղաղապահ զորքեր ունենա մի երկիր, որը նույն տարածաշրջան ահաբեկիչների է բերել։ Այս հարցը, վստահաբար, քննարկվել է տարածաշրջանային շրջագայության բոլոր հանգրվաններում։
-Ինչքան էլ պարադոքսալ հնչի, Իրանի կողմից նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը կասկածի տակ առնելը (մինչ այդ համանախագության քննադատությամբ էին հանդես գալիս Բաքուն ու Անկարան) ու միաժամանակ այլ ձեւաչափ՝ տարածաշրջանի երեք գերտերությունների մասնակցությունն առաջարկելը, կարող էր դեր խաղալ նույն Մինսկի խմբի համանախագահության ավելի ակտիվ դերակատարության համար։ Ավելի պարզ՝ եթե ԱՄՆ-ի համար կարող էր ընդունելի լինել Ռուսաստան-Թուրքիա երկխոսության միջոցով հարցի քննարկումը, ապա Ռուսաստան-Թուրքիա-Իրան ձեւաչափը թույլ չտալու համար պիտի որ հավելյալ ջանքեր գործադրվեին ձեւաչափնն անփոփոխ պահելու համար։ Ու թեեւ կնքված զինադադարն ըստ էության եռակողմ հայտարարություն էր, բայց ռուս խաղաղապահների տեղակայումից զատ ռուս-թուրքական վերահսկիչ կենտրոնի ստեղծման փաստը, ինչպես նաեւ հայտարարության մեջ առկա Ադրբեջանը Նախիջեւանին կապող տրանսպորտային միջանցքի մասին կետը խոսում են ռուս-թուրքական համաձայնության մասին։
Ստեղծված իրավիճակում Իրանը ջանքեր է գործադրելու շարունակել քննարկումները տարածաշրջանի երկրների հետ՝ թույլ չտալու իր մեկուսացվածությունը ներկա զարգացումներից ու իր շահերի անտեսումը։ Իրանում արդեն իսկ բարձրաձայնել են այն մասին, որ ահաբեկիչների՝ տարածաշրջանում գտնվելու հացը դեռեւս լուծված չէ։ Միաժամանակ շեշտվում է նաեւ տարածաշրջանում քաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիությունը՝ սրանով մտահոգություն հայտնելով Հայաստանով անցնելիք տրանսպորտային միջանցքի մանրամասների ու հետեւանքների վերաբերյալ։ Իրանի խորհրդարանում պահպանողական թեւի ներկայացուցիչ, պատգամավոր Ահմադ Բիղաշի առաջարկը՝ հայտարարությամբ հանդես գալու ու հնարավոր այդ փոփոխությունները չճանաչելու մասին, ասվածի վկայությունն են։
Այսպիսով, Զարիֆի՝ Մոսկվա ու Բաքու այցերի օրակարգում կլինեն Իրանի առաջարկած ծրագրում ընդգրկված խնդիրների քննարկումներն, այն է՝ տարածաշրջանից ահաբեկիչների դուրս բերումը, ԼՂ-ում տեղակայաված խաղաղապահների ու վերահսկիչ կենտրոնի կազմն ու գործառույթերը, նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ու դրանցից բխող աշխարհաքաղաքական փոփոխությունների մանրամասները։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։