World Politics Review-ն վերլուծական հոդվածում նկատել է, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) ապագայի պատերազմի մասին յոթ կարեւոր դաս տվեց աշխարհին: Խոսքը վերաբերում է զազազան տեսակի ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ԱԹՍ-ների կիրառման, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ակտիվ զսպմանը:
Առաջին դասը տեսախցիկներով եւ խոցման միջոցներով հագեցած հարվածային անօդաչուների շահագործումն է: Բաց տարածքում տանկերն ու զրահամեքենաները հեշտորեն խոցվում են ԱԹՍ-ներով: Երկրորդը ՀՕՊ-ի կանխիչ հարվածն է, որի շնորհիվ անօդաչուներին խոչընդոտում են առաջադրանքի կատարմանը: Երրորդը ռադիոէլեկտրոնային պայքարի դասն է: Տվյալ համակարգերը բավական արդյունավետ են թռչող սարքերի դեմ պայքարի գործում: Չորրորդն, ըստ WPR-ի վերլուծաբանների, նոր ռազմական դոկտրինների մշակման անհրաժեշտությունն է: Դրանցում պիտի ընդգրկվի տանկերի, զրահամեքենաների եւ պայքարի այլ միջոցների կիրառման փորձը, միաժամանակ դա ներդաշնակելով ԱԹՍ-ների շահագործման հետ: Հինգերորդ. ցանկացած մարտավարական անհաջողություն անդրադառնում է ամբողջ ռազմական հակազդեցության վրա: Վեցերորդը բարդ ու մաշված տեխնիկայի կիրառման փոխարեն՝ բարձր արհեստավարժություն չպահանջող ռազմական միջոցների հասարակ ու մեկանգամյա օգտագործման անհրաժեշտությունն է: Յոթերորդ դասն այն ընկալումն է, որ ապագայի պատերազմներում շեշտակիորեն աճում է ավտոմատացված մարտական համակարգերը կառավարող օպերատոր-մարդու դերակատարությունը: