Գերմանական Deutsche Welle պարբերականը «Արհեստական բանականության ոլորտը Գերմանիայի հաջորդ կառավարության գլխավոր խնդիրն է» վերնագրով հոդված է հրապարակել, որում ընդգծել է, թե Գերմանիայի՝ իբրեւ արդյունաբերական հսկայի համբավը կարող է տուժել, եթե երկրին չհաջողվի ինտեգրել արհեստական բանականության տեխնոլոգիաները: Հաջողության հասնելու համար նախ անհրաժեշտ է լուծել մի քանի ոչ պակաս կարեւոր հարցեր:
Հոդվածագիրը մասնավորապես նկատել է, որ հմուտ աշխատուժի պակասը եւ թվայնացմանն առնչվող խնդիրները դանդաղեցնում են Գերմանիայի արհեստական բանականության ոլորտի զարգացումը: Գերմանիան երկար ժամանակ եղել է գիտության եւ ճարտարագիտության առաջատարը: Այժմ՝ արհեստական բանականության (ԱԲ) դարաշրջանում, նախկին տեխնոլոգիական առաջնակարգությունը Արեւմտյան Եվրոպայում գնալով հետ է մղվում։
Արհեստական բանականությունը դառնում է տնտեսական եւ արդյունաբերական ապագայի առանցքային տեխնոլոգիաներից մեկը:
Գերմանիայի հաջորդ կառավարությունն ունենալու է անհապաղ լուծում պահանջող դժգոհությունների ցանկ՝ արհեստական բանականությունն ապագային համապատասխանեցնելու համար: Նրանք, ովքեր ղեկավարելու են երկիրը, քաջատեղյակ են դրան:
Պարբերականը նշում է, որ 2018-ից ի վեր դաշնային կառավարությունը մշակել է ռազմավարություն, որի նպատակն է արագացնել արհեստական բանականության կիրառումը: Առողջապահության, արդյունաբերության եւ արտադրության թվայնացումը, շրջակա միջավայրի կայունությունը եւ, իհարկե, կորոնավիրուսի համաճարակը Գերմանիայի կառավարության՝ անցած դեկտեմբերին հրապարակած զարգացման ծրագրով նախատեսված հիմնական ոլորտնն էին:
Երկիրն այս ոլորտներում է տեսնում արհեստական բանականության տեխնոլոգիաների ինտեգրման մեծ ներուժը, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել մի քանի խոչընդոտ:
Տաղանդավոր կադրերի հայտնաբերում
Ըստ Deutsche Welle-ի՝ Գերմանիան մեծ ներդրում ունի արհեստական բանականության ոլորտում ակադեմիական հետազոտությունների առումով, սակայն, ոլորտի մասնագետների կարծիքով՝ նման հարաճուն բնագավառում երկիրը պետք է ավելին անի գլոբալ իմաստով աչքի ընկնելու համար:
Նախ, արհեստական բանականության միջազգային մասնագետների համար գրավիչ դառնալու համար Գերմանիան պետք է բարձրացնի իր հեղինակությունը տեխնիկայի եւ նորարարության ոլորտում:
2019-ին Գերմանիայում արհեստական բանականության ոլորտում ավելի քան 50% թափուր աշխատատեղերը կա՛մ չեն համալրվել, կա՛մ համալրվել են ավելի ուշ, քան անհրաժեշտ էր, եւ կա՛մ համալրվել են ոչ այնքան ցանկալի թեկնածուներով։
Գերմանիայի արհեստական բանականության հետազոտական կենտրոնի (DFKI) գլխավոր տնօրեն Անտոնիո Կրյուգերն ասում է, որ տաղանդը շատ կարեւոր է ե՛ւ արդյունաբերական, ե՛ւ ակադեմիական ոլորտների համար: «Եվ մենք պետք է ապահովենք այնպիսի միջավայրեր, որոնք գրավիչ կլինեն այս տեսակի մարդկանց համար»,- շեշտել է Կրյուգերը:
ՓՄՁ-ի զարգացում
Կառավարությունը նաեւ ցանկանում է խրախուսել արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը Գերմանիայի բոլոր կարեւոր փոքր եւ միջին ձեռնարկություններում (ՓՄՁ):
Ըստ Գերմանիայի արդյունաբերության դաշնության (BDI) տվյալների, այսպես կոչված Mittelstand-ը, որն արտադրում է գերմանական ընկերությունների ընդհանուր եկամտի մոտ մեկ երրորդը, արհեստական բանականության կիրառման հարցում շատ է հապաղում: (Mittelstand-ը Գերմանիայում, Ավստրիայում եւ Շվեյցարիայում կիրառվող եզրույթ է, որը գերմանախոս երկրներում եւ Մեծ Բրիտանիայում բնորոշում է բավական հաջողակ, սովորական փոքր եւ միջին ձեռնարկություններից տարբերվող, տնտեսական ճգնաժամերում գոյատեւելու ունակ եզակի բիզնեսների խմբին):
Էկոնոմիկայի նախարարության վերջերս կատարած մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ հարցման ենթարկված ընկերությունների միայն 6 տոկոսն է ասել, որ օգտագործում է ԱԲ տեխնոլոգիան։
«Շատ կարեւոր է, որ ԱԲ ոլորտի զարգացումներն այս փոքր ընկերություններն օգտագործեն»,- ասել է Կրյուգերը:
Մարդկանց եւ տվյալների պաշտպանություն
Գերմանիան ցանկանում է նաեւ ԱԲ-ի միջոցով պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:
Կորոնավիրուսի խթանման փաթեթի մասով դաշնային կառավարությունը խոստացել է մինչեւ 2025-ը ավելացնել արհեստական բանականության օգտագործման ծախսերը՝ 3 միլիարդ եվրոյից հասցնելով 5 միլիարդ եվրոյի: Ֆոնդերի մեծ մասը կօգտագործվի Գերմանիայում գերհամակարգչային տեխնոլոգիաների զարգացման համար:
Կառավարության ռազմավարության հեղինակները նշել են, որ արհեստական բանականությունը կարող է օժանդակել համավարակների կառավարմանը: Օրինակ՝ արհեստական բանականությունը հնարավոր է կիրառել համավարակի կանխատեսման, համաճարակի ընթացքի մշտադիտարկման եւ մոդելավորման կամ տարբեր միջոցների արդյունավետության, իսկ հետազոտությունների ժամանակ նաեւ պատվաստանյութերի մշակման հարցում:
Անձնական տվյալները
Այս նպատակներով բժշկական տվյալների համակարգումը հատկապես դժվար կլինի Գերմանիայում, որտեղ անձնական տվյալները ապակենտրոնացված են եւ խիստ պաշտպանված։ Այսպիսով՝ այս ոլորտը բարեփոփման կարիք ունի:
Արհեստական բանականությունը հիմնվում է հսկայական քանակության տվյալների վրա, որոնք ուսումնասիրման եւ առավել արդյունավետ դարձնելու կարիք կա: Անհրաժեշտ կլինի պարզել նաեւ այն հարցը, թե երբ եւ որտեղ հարկ կլինի կիրառել արհեստական բանականության տեխնոլոգիաներն ու դրանց համար անհրաժեշտ տվյալները:
Դաշնային կառավարությունն ինքն էլ ձգտում է համոզվելու, որ ԱԲ ոլորտի բոլոր մասնակիցները մարդու իրավունքները հարգելու անհատական պատասխանատվություն ունեն:
Արհեստական բանականության տեխնոլոգիան միաժամանակ էներգիայի եւ ռեսուրսների օգտագործման առումով արդյունավետ պետք է լինի եւ պետք է նպաստի շրջակա միջավայրի պահպանությանը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը