Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչը հայտարարել է, թե Թուրքիային մտահոգել է այն հանգամանքը, որ թուրք ազգայնականների Bozkurtlar/Ülkü Ocakları («Գորշ գայլեր») կազմակերպությունն ԱՄՆ-ում կարող է ընդգրկվել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։
Բիլգիչը նշել է, որ թեեւ օրենքի վերջնական տեքստը դեռեւս հաստատված չէ, այդուհանդերձ, Թուրքիայում խիստ տագնապալի են համարում, որ ԱՄՆ Կոնգրեսի պալատն ընդունել է անհիմն մեղադրանքներ պարունակող եւ ԱՄՆ-ի հետ մեր վաղեմի դաշինքին չհամապատասխանող այդ խնդրանքը:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ երկրներում ապրող թուրքերի նկատմամբ կողմնակալ մոտեցումներն անթույլատրելի համարելով, ընդգծել է, որ դա հակաթուրքական լոբբիի փորձերից է, որոնց աջակցում էին սկզբում Եվրոպայի, իսկ այժմ նաեւ ԱՄՆ-ի որոշ շրջանակներ: Ըստ նրա՝ որոշումն առաջին հերթին վնասում է ահաբեկչության դեմ պայքարին։
Բիլգիչի պնդմամբ՝ ահաբեկչությանն անկեղծորեն հակազդող բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ը, վճռականորեն պետք է պայքարեն իրական ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ՔԱԿ–ի (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն) եւ FETO-ի դեմ (ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը)։
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է` Անկարան ակնկալում է, որ այդ կետը չի ներառվի օրենքի վերջնական տեքստում, եւ ԱՄՆ-ում թուրքական համայնքի կարծիքի արտահայտման ազատությունը սահմանափակելու ցանկացած փորձ կկանխվի։
«Թուրքիան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը չէ»
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքի անդամ, ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսություն ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշմանն արձագանքելով՝ հայտարարել է, թե Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները բանտարկված են բարեկամության ոգուն եւ դաշնակցային բարոյականությանը հակասող մի գործընթացում։
«Թուրքիան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը չէ, գաղութը չէ, չի էլ կարող դիտարկվել որպես արբանյակ եւ գողացված կամք ունեցող մի պետություն։ Թուրքիան լիովին անկախ է»,-ընդգծել է նա։
ԱՄՆ-ին մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ՝ Բահչելին նշել է, որ գաղափարապաշտների ակումբների դեմ ԱՄՆ նախաձեռնությունն «անհիմն զրպարտություն» է եւ «սարսափելի սխալ»։ ԱՇԿ առաջնորդը նաեւ շեշտել է, թե Ներկայացուցիչների պալատում օրինագծի ընդունումը միայն սկանդալային որոշում չէ, այլեւ Թուրքիայի դեմ իրականացվող թշնամական քաղաքականության մի մասն է։
«Գորշ գայլերը» խտրականություն եւ ատելություն են սերմանում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 24-ին հավանություն է տվել Պաշտպանության մասին ազգային օրենքում (National Defense Authorization Act) մի շարք փոփոխությունների։ Այդ փոփոխությունների համաձայն`180 օրվա ընթացքում պետքարտուղարը մանրամասն տվյալներ պետք է ներկայացնի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասին:
Ավելի վաղ Եվրախորհուրդը «Գորշ գայլերի» շարժումը ներառել է ահաբեկչական խմբերի ցանկում: Իսկ Ֆրանսիայում «Գորշ գայլերի» գործունեությունը պաշտոնապես արգելվել է 2020-ի նոյեմբերի 4-ից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի ստորագրած՝ կազմակերպության գործունեությունն արգելող հրամանագրում մասնավորապես նշված է, որ «Գորշ գայլերը» խտրականություն եւ ատելություն են սերմանում եւ մասնակցում բռնի գործողությունների։
Նախորդ տարվա նոյեմբերի 19-ին էլ Բունդեսթագում ընդունվել էր օրինագիծ, որով դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկելու Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունն ու գործունեությունը ճնշելու նպատակով: