Ըստ Ալիք Մեդիա Վրաստանի՝ Եվրամիության անդամ երկրները հոկտեմբերի 13-ին կքննարկեն Վրաստանի համար վիզայի մուտքի ռեժիմի հարցը: Այս հարցն առաջ է քաշվել, երբ Վրաստանից ապաստան ստանալու անհիմն պահանջն աճել է 51 տոկոսով։
Զեկույցում նշվում է, որ երեք ամսվա ընթացքում Վրաստանից ապաստան հայցողների թիվն աճել է 51 տոկոսով՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Չեխիան նույնպես պնդել է, որ ապաստան տրամադրելու անհիմն պահանջարկը մեծ է Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիների կողմից։ Ֆրանսիան դժգոհություն է հայտնել Վրաստանից եւ Ալբանիայից:
Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ-ն առանց վիզայի կարճատեւ մուտքի ռեժիմը թույլ տվեց 2017-ին։
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանին հերքել էր խոսակցությունները ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմը սառեցնելու հնարավորության մասին՝ բրյուսելյան EUobserver պարբերականի տվյալները «շատ մեծ սուտ» որակելով:
Զալկալիանին հավաստիացրել էր, որ Վրաստանից ԵՄ-ում ապաստան հայցողների թիվը վերջին շրջանում նվազել է: Վրաստանի ԱԳ նախարարը հավելել էր նաեւ, որ առանց վիզային ռեժիմի վրացական կողմի պարտականությունները դրական են գնահատվել, ուստի այդ մեխանիզմի սառեցման անհրաժեշտություն չկա:
Ըստ Euobserver պարբերականի, սեպտեմբերի 27-ին հրապարակված ԵՄ ներքին զեկույցի բովանդակության համաձայն, Գերմանիան դժգոհություն է հայտնել Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, ինչպես նաեւ խնդրահարույց երկրների առաջին տասնյակում նշել է Ալբանիան եւ Սերբիան: Եվրամիության առաջատար երկրները ծրագրում են քննարկել վրացական կողմի հետ առանց վիզային ռեժիմի սառեցման հարցը:
Ըստ պարբերականի տվյալների՝ Վրաստանից փախստականների ու ապաստան հայցողների թիվը 2021-ի ամռանը, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 51 տոկոսով, իսկ Մոլդովայից՝ 429 տոկոսով: