Ըստ կորեական «Ռյոնհապ» գործակալության՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ կապուղիները կվերականգնեն հոկտեմբերի սկզբին՝ հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզում խաղաղության կերտման ուղղությամբ ջանքերի շրջանակում:
Բարձրագույն ժողովրդական ժողովի նստաշրջանի իր ելույթում Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաեւ ընդգծել է, որ առանց որեւէ պայմանի բանակցություններ անցկացնելու ԱՄՆ առաջարկը ոչ այլ ինչ է, քան Փհենյանի նկատմամբ իր մշտական թշնամական վերաբերմունքը քողարկելու միջոց:
Ավելի վաղ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Ե Չժոնը, հայտարարել էր, որ եթե Հարավային Կորեան ազնվորեն եւ փոխադարձ հարգանքով վերաբերվի ԿԺԴՀ-ին, Փհենյանը, թերեւս, հայտարարի Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին եւ սկսի միջկորեական գագաթնաժողովի անցկացմսն շուրջ քննարկումները:
Հյուսիսկորեական կողմը հայտարարել է, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ կապերի վերականգնումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար: