Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Սայիդ Հասան Ամոլին, ռուսական «ՊոլիտԷքսպերտ» կայքի՝ ինչպես է Թեհրանը գնահատում եռակողմ համաձայնագիրն ու ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում հարցին ի պատասխան ասել է, որ կրակի դադարեցման՝ Ռուսաստանի կոչն իմաստուն էր, իրենք ողջունում են ստորագրված պայմանավորվածությունները, որոնք նախ եւ առաջ կարեւոր են արյունահեղության դադարեցման համար:
Վլադիմիր Պուտինի եւ Իրանի դիրքորոշումներն այդ հարցում համընկնում են: Ըստ Ամոլիի՝ որոշ ուժեր ձգտում էին Կովկասը վերածել երկրորդ Սիրիայի, բայց Ռուսաստանը կասեցրեց այդ ծրագրերը: Համաձայնագրի ստորագրումից հետո Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արյունոտ ձեռքերը պոկեցին տարածաշրջանից, եւ նրանք այլեւս ի վիճակի չեն լինի սադրանքների դիմել: Դա կապահովի նաեւ Իրանի սահմանների անվտանգությունը:
Սայիդ Հասան Ամոլին ասել է նաեւ, որ եթե Բաքուն ու Երեւանը պահպանեն պայմանավորվածությունները, Ռուսաստանը կօգնի Ղարաբաղյան խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մոսկվան թույլ չի տա, որ կողմերից մեկնումեկը խախտի դրանք: