Սեւանա լճի ափամերձ տարածքներն ավելի քան 900 վարձակալ ունեն, որոնցից յուրաքանչյուրը մինչեւ 4 շենք-շինություն ունի: Դրանցից մի քանիսի վարձակալության պայմանագրերը վերանայվել են կամ չեն վերակնքվել: Լուծարվել է վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման 17 պայմանագիր, 21 հայցադիմում էլ գտնվում է ընդհանուր իրավասության դատարանում՝ վարձավճարները չմուծելու պատճառով:
Ըստ շրջակա միջավայրի նախարարի դեռ տարեսկզբին «Սեւան» ազգային պարկում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ հնչեցրած հայտարարության՝ լճի ափամերձ հատվածի որեւէ վարձակալի հետ չի կնքվի նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան եւ չստեղծի աշխատատեղեր։
Այս ուղղությամբ ուսումնասիրություն է իրականացրել «Բլեջան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) եւ պարզել, որ մինչեւ 1901.5 մ բացարձակ նիշն ընկած հատվածներում 880 շենք-շինություն արդեն իսկ ապամոնտաժվել է, հերթում մնացած 3800-ն են: Առաջնահերթությունը կտրվի մինչեւ նշված բացարձակ նիշն ընկած տարածքներում գտնվող շենք-շինությունների ապամոնտաժմանը, այդ թվում այնպիսի շինություններին, որոնք արդեն իսկ լճի մեջ են, օրինակ՝ 2 մ բարձրության պարիսպներ:
Դեռեւս տարեսկզբին ՀՀ դատախազությունը կադաստրի կոմիտեի, շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ու «Սեւան» ԱՊ-ի տրամադրած տեղեկություների եւ ոլորտային օրենսդրության ուսումնասիրության արդյունքում քրեական գործ էր հարուցել օրենսդրության խախտմամբ կառուցված 110 շինության առկայության դեպքի առթիվ:
Հասարակական եւ արտադրական նշանակության այդ օբյեկտներն ընդհանուր շուրջ 110,37 քմ տարածք էին զբաղեցնում (10.08.2020 թվականի դրությամբ): Դրանք բոլորն էլ 1905.0 մ բացարձակ նիշից ցածր են, ու դրանց նկատմամբ սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020 թվականների ընթացքում: Մինչդեռ, Կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1563-Ն որոշման համաձայն, Սեւանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում՝ «Սեւան» ԱՊ տարածքի լճի ջրային սահմանից մինչեւ 1905.0 մ բացարձակ նիշը, արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը:
«Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա եւս: Յուրաքանչյուր վարձակալ, որպես կանոն, Կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1563-Ն որոշման համաձայն, պետք է օգտագործի տարածքի 80%-ը՝ մնացած 20%-ը թողնելով հանրությանը՝ դեպի լիճ ազատ ելումուտի համար: Նույն որոշմամբ լողափի գոտում բաժանիչ պարիuպների կամ ցանկապատների տեղադրումն արգելվում է:
«Բուֆերային գոտում առանձին տարածքային հատվածներ կարող են սահմանազատվել ուղղահայաց կանաչապատմամբ ցանկապատների (մինչեւ 1,5 մետր բարձրությամբ) կամ բուuական պատնեշների տեղադրման միջոցով»: Սակայն վարձակալների 90%-ը պարիսպներով ու մետաղական դարպասներով են փակել տարածքները: Լիաննա Ասոյանի կարծիքով հանրային լողափերը ստեղծվել են նաեւ այդ վարձակալների անդորրը չխանգարելու համար, այլապես, եթե պահպանվեր օրենքի տարրը, նման լողափերի կարիք չէր լինի:
«Ճիշտ է, հանրային լողափերը կահավորած են, փրկարարներ ունեն, բայց գուցե ես ուզում եմ ուղղակի մոտենալ ափին, նստել, հիանալ լճով, չեմ ցանկանում լողալ, հետեւաբար փրկարարի կամ լրացուցիչ այլ ծառայությունների կարիք չունեմ, բայց իմ այդ իրավունքը խախտված է»,- նշում է Լիաննա Ասոյանը:
Սեւանի ավազանում ակտիվ գործունեություն ծավալող քաղհասարակության կազմակերպությունների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս կարեւոր խնդիրը լճի աղտոտվածությունն է: Մի խումբ կազմակերպություններ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ այս տարվա գարնանը լիճ թափվող 10 գետերից մեկ ամսվա ընթացքում 250 տոննա աղբ են դուրս բերել: Դրա միայն 0,1%-ն (250 կգ) է վերամշակման ենթակա պլաստիկ կամ ապակյա թափոն եղել: Գետերի մաքրմանը ներգրավվել են տեղական համայնքները, կամավորներ, 250 տեղացիներ, որոնք վարձատրվել են կատարած աշխատանքի համար: Սակայն ընդամենը մեկ ամիս անց տասնօրյա պարբերականությամբ իրականացվող մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ աղբը նույն ինտենսիվությամբ հենց տեղացիները գետերն են լցնում: Լիճն աղտոտվում է նաեւ առափնյա հատվածներում հանգստացողների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով:
«Ասում եմ՝ դուք կամ ձեր երեխաները, թոռները լճում լողում եք չէ: Ասում են՝ այո՛: Հարցնում եմ՝ բա ինչո՞ւ եք աղբը թափում լճի մեջ, լուռ երեսիս են նայում»,- պատմում է Ասոյանը:
Լճի աղտոտման պատճառ են նաեւ ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունները: Ասոյանի տեղեկացմամբ դրանք պարբերաբար մշտադիտարկում պետք է իրականացնեին ու տեղեկություն տրամադրեին հանրությանը լիճ թափվող նյութերի, դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ, սակայն առ այսօր ոչ մի տվյալ չի հրապարակվել: Կարծիքները, անգամ պաշտոնատար անձանց կողմից նախկինում կատարված հայտարարությունները, որ գետերով ֆերմաների, անասնաբուծական, խոզաբուծական տնտեսությունների ու այլ կեղտաջրերի միջոցով ավելի շատ օրգանական նյութ է թափվում լիճ, քան ձկնաբուծական տնտեսություններից, Ասոյանը չհերքեց, բայց պնդեց, որ դրանք գոնե գետերով որոշ ճանապարհ են անցնում ու ինչ-որ չափով չեզոքանում մինչեւ լիճ հասնելը:
Սեւանի խնդիրներով մտահոգ քաղհասարակության ներկայացուցիչները նաեւ մտավախություն ունեն, որ շուտով իշխանից կմնա միայն 2000 թվականին թողարկված նամականիշը:
«SOS Արգիճի» նախաձեռնության անդամները Սեւանի իշխանի վարքագծի փոփոխություններ են նկատել: Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) 3-րդ աշխատանքային խմբի աշխատաժողովի ժամանակ նրանք տեղեկացրին, որ իշխանն այլեւս չի վերադառնում լիճ, ոչ միայն նրա համար, որ գետերի հոսանքն ի վեր բարձրանալիս հանդիպում է խոչընդոտների, այլեւ ձվադրելուց հետո ուղղակի մնում ու ձմեռում է գետերի վերին հոսանքներում:
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի անդամ Արամ Գաբրիելյանն ասում է, որ ձուկ միշտ էլ որսացել են, բայց չի վերջացել: Նրա պնդմամբ լճի էկոհամակարգը կարող է երեք անգամ ավելի շատ ձուկ տալ, քան հարկավոր է: Լուծումը ձկնորսության ճիշտ կառավարումն է։ Այդ գործը շատ լավ են կատարել մինչեւ նախորդ դարի կեսերը լճի ավազանում եղած ձկնորսական համքարությունները:
Ըստ Ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի՝ ոչ մի գետի վրա պատվար չպետք է լինի, մինչդեռ անգամ Սեւան թափվող գետերի վրա են փոքր ՀԷԿ-երի տերերը պատվարներ կառուցել՝ վտանգելով գետերի էկոհամակարգի բնականոն գոյությունը: Ավելին՝ ՀԷԿ-երի համար անգամ լճից է ջուր վերցվում, որը եւս օրենքի խախտում է:
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ խմբի նախաձեռնած աշխատաժողովի մասնակիցների կարծիքով պետք է վերանայել Սեւանը որպես ջրամբար դիտարկելու մոտեցումը: «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի անդամ Արամ Գաբրիելյանի կարծիքով Սեւանը վաղուց է դադարել որպես բնական ջրավազան գոյություն ունենալուց. «Որպեսզի այն լիճ կոչվի, բնական արտահոսք պետք է ունենա»։
Դասագրքերից էլ մենք գիտենք, որ Սեւան 28 գետ ու գետակ է թափվում, ու սկիզբ է առնում մեկը՝ Հրազդան գետը: Պարզվում է՝ այդպես չէ, Հրազդանը լճից ջուր է ստանում ջրատարի միջոցով, այն էլ ոռոգման սեզոնին, այնքան, որքան ըստ հաշվարկների հարկավոր է ոռոգման համար, ինչը որևէ կապ չունի բնական էկոհամակարգի հետ: Ընդ որում՝ Սեւանից վերցվում է ամբողջ երկրում ոռոգման նպատակով ջրօգտագործման ընդամենը 4%-ը, որն էլ, ըստ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունների, չի հասնում գյուղացիներին: Ներկայում ոռոգման ցանցերում կորչում է ջրի 86%-ը: Ստացվում է, որ Սեւանի գոյությունը վտանգվում է անհիմն որոշումների պատճառով:
Ինչպես պարզվեց քննարկման ընթացքում, Սեւանի ցավերը չափազանց շատ են ու բազմաբնույթ: Դրանք բժշկել է պետք, բայց նախ պետք է հասկանալ, թե ով է իրականում դրանում շահագրգիռ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։