Շիրակի մարզի Գյումրի քաղաքի եւ Ախուրյան խոշորացված համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատները (ՀՓՋ) այսուհետ քաղաքացիներին օգնության կհասնեն նոր հասցեներից։
Հրշեջ-փրկարարական ջոկատները կազմ-պատրաստ են, բայց ոչ թե հերթական կանչին արձագանքելուն, այլ նորակառույց շենքերի բացման հանդիսությանը։
Նորամուտի հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Գյումրու քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարներ, փրկարարներ։
Երկու հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի մայիսին։ Նախագիծն իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի եւ ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ։
Կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջեցին նորակառույց շենքերում։ Առաջին տպավորությունները գոհացնող էին։ Ոլորտի գլխավոր պատասխանատուն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, վստահեցրեց՝ շենքերն ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին: Նոր գույքն ու սարքավորումները, ավտոմեքենաներն ու մասնագիտացված հրշեջ-փրկարարները կերաշխավորեն արագ եւ որակյալ ծառայությունների մատուցումը: «Քիչ է ասել, թե այս շենքերը շատ կարեւոր են, սրանք նոր հաջողությունների սկիզբ կլինեն ոլորտի զարգացման համար»,- ասաց Փիլոյանը։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին նշեց, որ ծրագրի իրականացմանն ուղղվել է շուրջ 800 հազար ամերիկյան դոլլար։ Դեսպանը հույս հայտնեց՝ նորակառույց կայանները կնպաստեն, որ փրկարարական աշխատանքներն իրականացվեն կրկնակի արագ եւ որակով, ինչը թույլ կտա փրկել մարդկային կյանքեր։
Շիրակի գործող մարզպետ եւ Գյումրու քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածու Հովհաննես Հարությունյանն էլ փրկարարներին համեմատեց բժիշկների հետ։ Ասաց՝ փրկարարները նաեւ վտանգում են իրենց կյանքը, եւ շնորհակալություն հայտնեց նրանց՝ աշխատանքը պատվով կատարելու համար։
2013 թվականից գործել է հրշեջ-փրկարարական մեկ ջոկատ, որը սպասարկել է Գյումրին եւ հարակից բնակավայրերը։ 5000 քմ տարածքով նորաբաց կայանը երկրորդն է քաղաքում։
Ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում եւս կառուցվում է հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենք, որը շահագործման կհանձնվի 2022 թվականին։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։