Հայաստանում ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն բոլորը, բայց ոչ բոլորն են ստանում նույն տարիքում կամ նույն գումարը: Նաեւ ծերության տարիքում ամեն ամիս պետության կողմից վճարվող գումարը ոչ բոլորի դեպքում է կոչվում կենսաթոշակ: Բայց պայմանականորեն մենք այդ գումարը կկոչենք կենսաթոշակ:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից «Ալիք Մեդիային» տեղեկացրին, որ Հայաստանում կենսաթոշակի վճարման ցուցակներում հաշվառված է 545 հազար կենսաթոշակառու: Կան քիչ թվով թոշակառուներ, որոնք տարբեր պատճառներով եւ ժամանակավոր դուրս են մնացել այդ ցուցակներից, այսինքն՝ չեն վճարվել, բայց կվճարվեն:
2021 թվականի բյուջեով 545 հազար թոշակառուներին հատկացված է 245 մլրդ 315 մլն դրամ կամ ավելի քան 490 մլն դոլար: Այդպիսով կենսաթոշակը մեր 1 տրլն 850 մլրդ դրամանոց կամ 3,7 մլրդ դոլարանոց բյուջեի ամենամեծ ծախսն է կամ ավելի քան 1/7-ը:
Մեր երկրում կենսաթոշակի հիմնական տեսակը տարիքային աշխատանքային կենսաթոշակն է, որը կարող են ստանալ այն անձինք, որոնց 63 տարին լրացել է, եւ որոնք ունեն առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Կենսաթոշակը հաշվարկվում է հատուկ բանաձեւով, որի բաղադրիչներն են հիմնական կենսաթոշակի չափը, որը 18 հազար դրամ է: Մյուս բաղադրիչներն են աշխատանքային ստաժի տարիները եւ անձնական գործակիցը: Վերջին բաղադրիչը որոշվում է այն տվյալներից, թե մարդը քանի տարվա ստաժ ունի, ինչ աշխատանք է կատարել եւ այլն: Այդպիսով 63 տարին լրացած յուրաքանչյուր անձի աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է նրա տվյալների` աշխատանքային ստաժի եւ կատարած աշխատանքի հիման վրա: Եվ դա է պատճառը, որ կենսաթոշակի գումարը տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում, եւ քիչ դեպքերում կարող են տվյալները համընկնել, եւ նույն գումարը ձեւավորվել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով 545 հազար թոշակառուների գերակշիռ մասը` մոտ 336 հազարը, տարիքային աշխատանքային կենսաթոշակառուներն են:
Պետական կենսաթոշակների մասին օրենքը նաեւ սահմանում է որոշակի բացառություն, որ մարդը կարող է մեկ տարի շուտ` 62 տարեկանում, անցնել թոշակի, եթե ունի առնվազն 35 տարվա ստաժ եւ չի աշխատում:
Կենսաթոշակների հաշվարկման, վերը նշված բանաձեւերի կիրառման, թոշակի նշանակման պատասխանատուն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, բայց այդտեղից հրաժարվեցին ասել, թե որքան է այսօր վճարվող առավելագույն կենսաթոշակի չափը: Միայն նշեցին, որ նվազագույնը 26 հազար 500 դրամ է, միջինը` 44 հազար դրամ:
Կենսաթոշակ են ստանում նաեւ հաշմանդամություն ունեցող, բայց աշխատունակ անձինք։ Նրանց համար տարիքային շեմը 63 տարեկանը չէ, գործում է վճարման այլ մոդել, որը նույնպես ձեւավորվում է տարիքի եւ աշխատանքային ստաժի համադրումից, բայց այլ բանաձեւով:
Այդպիսով այս խմբի անձինք կարող են կենսաթոշակ ստանալ, եթե 23 տարեկանում ունեն առնվազն 2 տարվա ստաժ, 23-26 տարեկանում` 3 տարվա եւ 44 տարեկանում՝ առնվազն 10 տարվա ստաժ: Այս կարգի թոշակառուների թիվը մոտ 107 հազար է: Խոսքը չի վերաբերում ոչ աշխատունակ մարդկանց, որոնք ստանում են հաշմանդամության նպաստ:
Մեր երկրում կան պետական բյուջեից ամեն ամիս որոշակի գումար ստացող 81 հազար անձինք, որոնց տվյալները չեն բավարարում կենսաթոշակ ստանալու պայմաններին: Նրանք, ինչպես վերը նշվեց, ստաժ չունեցող, հաշմանդամության նպաստ ստացող կամ կերակրողին կորցնողի նպաստ ստացող անձինք են:
Կա նաեւ թոշակ ստացող մեկ այլ խումբ` ավելի քան 20 հազար անձինք, որոնք ոստիկանության կամ բանակի սպաներն են: Այս խումբը թոշակի է անցնում, երբ լրանում է նրանց աշխատանքի 20 տարին: Սպաները ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակից բարձր։ Դա հաշվարկվում է մեկ այլ բանաձեւով, որում որոշիչ են ոչ միայն ստաժի տարիները, այլեւ նրա զբաղեցրած պաշտոնը եւ կոչումը: Այս դեպքում նույնպես յուրաքանչյուր սպա ունի իր անձնական գործակիցը: Այս տարի պետական բյուջեից սպաներին հատկացված է 32,6 մլրդ դրամ:
Փոքր թվով թոշակառուների մի խումբ թոշակ է ստանում օրենքի ուժով` պաշտոնաթող նախագահը, ՍԴ անդամը, դատավորի եւ դատախազի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, Հատուկ քննչական ծառայությունում առնվազն 10 տարի ծառայած անձը, առնվազն մեկ սահմանադրական ժամկետ ՀՀ ՄԻ պաշտպանի պաշտոնը զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում եւ, իհարկե, առնվազն մեկ սահմանադրական ժամկետ` անընդմեջ 5 տարի ԱԺ պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:
Այս խմբի մարդկանց թիվն այնքան էլ մեծ չէ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով ընդամենը 688 մարդ։ Նրանք յուրաքանչյուր ամիս այդ գումարը ստանում են որպես պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիք: Եվ նրանք բավականին բարձր կենսաթոշակ են ստանում:
Որքան թոշակ են ստանում պատգամավորները
Պատգամավորի թոշակի հաշվարկման բանաձեւը հետեւյալն է. պաշտոնի գործակիցը` 10-ը, պետք է բազմապատկել 14 հազարով, կստացվի 140 հազար: Դրան պետք է գումարենք, ինչպես վերը նշեցինք, նվազագույնը 5 տարվա ստաժի յուրաքանչյուր տարվա համար 5 հազարական դրամ: Այսինքն՝ անձը, եթե իր ողջ կյանքում ոչինչ չի արել եւ ընդամենը մեկ սահմանադրական ժամկետ` անընդմեջ հինգ տարի շարքային պատգամավոր է աշխատել, կստանա 165 հազար դրամ: Եթե ավելի երկար է պատգամավոր աշխատել, յուրաքանչյուր տարվա համար նրա թոշակը կավելանա եւս 5000 դրամով: Եթե պատգամավորը նաեւ որեւէ մշտական հանձնաժողովի նախագահ է եղել, ավելանում է պաշտոնի գործակիցը, բնականաբար թոշակն ավելի բարձր է լինում:
Օրինակ՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ինը տարի` 2007-2016 թվականներին, պատգամավոր է աշխատել: Ու քանի որ եղել է նաեւ մշտական հանձնաժողովի փոխնախագահ` նրա կենսաթոշակային գործակիցը ոչ թե 10, այլ 11 է, եւ նույն բանաձեւի կիրառման դեպքում նրա 200 հազար դրամ կենսաթոշակն արդեն ապահովված է: Բայց եթե նաեւ առաջիկա հինգ եւ ավելի տարիներին շարունակի պատգամավոր աշխատել, ավելի բարձր թոշակ կստանա:
Կամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Աղազարյանը, որն իր յուրահատուկ մտքերի շնորհիվ դարձել է լրատվամիջոցների սիրելին, 1990-1995-ին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, եւս 3 տարի՝ ԱԺ պատգամավոր` հեղափոխությունից հետո: Նույն բանաձեւի կիրառումը նրան կապահովի մոտ 180 հազար դրամ կենսաթոշակով: Եթե շարունակի մնալ պատգամավոր մինչեւ 2026 թվականը՝ այս գումարման ԱԺ-ի ավարտը, որը կհամընկնի նրա թոշակի գնալու տարիքի հետ, կստանա 200 հազար դրամ:
Այլ խնդիր է կուտակային կենսաթոշակային համակարգը, որի համար գանձումները սկսվել են, բայց առաջին կուտակային կենսաթոշակը կվճարվի 2037 թվականին, քանի որ կենսաթոշակային ֆոնդերի պարտադիր մասնակից են համարվում 1974-ից հետո ծնված անձինք:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։