Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Գեյր Տոսկեդալը Նոբելյան խաղաղության մրցանակի այս տարվա թեկնածուների թվում առաջադրել է բելառուսցի ընդդիմադիր գործիչներ Մարիա Կոլեսնիկովայի եւ Վերոնիկա Ցեպկալոյի թեկնածությունը: Տոսկեդալը հույս է հայտնել, որ այդ կերպ ավելի մեծ ուշադրություն կդարձվի Եվրոպայի վերջին դիկտատորի դեմ խաղաղ պայքարին։
Բելառուսում 11 տարվա ազատազրկման դատապարտված Մարիա Կոլեսնիկովան օրերս արժանացավ Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի։ Վերոնիկա Ցեպկալոն քաղաքական հետապնդումների պատճառով 2020-ին հեռացել է Բելառուսից։
2021-ի թեկնածուների առաջադրումն ավարտվել է հունվարի 31-ին: ԱՄՆ Ռատգերսի համալսարանի պրոֆեսորներից մեկը` Սերգեյ Երոֆեևը, մասնավորապես հայտարարել էր, թե մի խումբ ռուս գիտնականների հետ Նոբելյան կոմիտե է ներկայացրել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը «Ռուսաստանի խաղաղ ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի համար»:
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի համար տասնյակ այլ մրցակիցների շարքում կպայքարեն նաեւ կլիմայի փոփոխութունների դեմ պայքարող Գրետա Թյունբերգը, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ կորոնավիրուսի դեմ պայքարում աղքատ երկրներին օժանդակող COVAX ծրագիրը եւ այլն:
Նոբելյան մրցանակի թեկնածուներին առաջադրում են տարբեր երկրների խորհրդարանականները, գիտնականները, Նոբելյան մրցանակի նախորդ տարիների դափնեկիր անձինք ու կազմակերպությունները:
Թեկնածուների անունները մինչև վերջին պահը պաշտոնապես գաղտնի են պահվում: Հայտ ներկայացնողները, սակայն, կարող են բացահայտել իրենց ընտրյալներին: