Ռուսաստանը Երեւանի եւ Բաքվի քննարկմանն է ներկայացրել առաջարկներ՝ սահմանազատման հանձնաժողովի ստեղծման եւ համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի համար:
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը հայտարարել է, որ Ռուսաստանը սպասում է սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի արձագանքին:
Արձագանքելով ԵԽԽՎ բանաձեւին, որում ներառված է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը, Զայցեւը նշել է, որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ԵԽ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից:
«Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթները հակասություններ են առաջացրել կողմերի միջեւ»,- ընդգծել է Զայցեւը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, թե Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում խնդիրների եւ միջադեպերի երկարաժամկետ վերացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը սահմանազատող հանձնաժողովի ստեղծումն է`դրան հաջորդող սահմանազատմամբ: Ռուսական կողմը ձեւակերպել եւ Երեւանի ու Բաքվի քննարկմանն է ներկայացրել համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկն ապահովելու առաջարկներ: Զայցեւն ընդգծել է, որ ՌԴ-ն ակնկալում է գործընկերների արձագանքը:
Ալեքսեյ Զայցեւը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է
«Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով»,- մասնավորապես ասել է Զայցեւը: