Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։
Ըստ ԵՄ հայտարարության՝ Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակում շուրջ 149,6 միլիոն եվրո հավելյալ գումար կհատկացվի։
Նշված գումարը կուղղվի «Աջակցություն սոցիալական ադապտացմանը» ծրագրի շրջանակում սիրիացի փախստականներին տրամադրվող «Կարմիր մահիկի» քարտերի ֆինանսավորմանը։
Այսպիսով՝ կփոխհատուցվեն Թուրքիայում ապաստանած շուրջ 1,8 միլիոն փախստականի սննդի, դեղորայքի, բնակվարձի, տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների համար կատարվող ծախսերը։ Այժմ Թուրքիայում ապաստանել է շուրջ 3,7 միլիոն սիրիացի։
Ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկը պետք է հաստատի նաեւ Եվրոպական խորհրդարանը։