Վրաստանի նախկին նախագահ, երկրի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ այսօր իրականություն է դարձել հայրենիք վերադառնալու իր երազանքը, եւ ինքն արդեն Վրաստանում է։
«Բարի լույս, Վրաստան։ 8 տարի անց՝ արդեն Վրաստանից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:
Նախկին նախագահը նաեւ տեսանյութ է հրապարակել, որում մանրամասնել է, որ Բաթումում է։
«Սա Բաթումն է: Բաթումի տեխնոլոգիական համալսարանը պետք է լիներ այստեղ, բայց այն քանդվեց: Ես շատ էի կարոտել այս վայրը: Այսօր իմ երազանքների իրականացման օրն է»,- ասել է Սաակաշվիլին։
Նա երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկելու իր «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության օգտին եւ ոչ մի դեպքում ձայն չտալ Իվանիշվիլիին եւ Գախարիային:
Նախկին նախագահը Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել ընտրությունների հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, դուրս գալու բողոքի ցույցի եւ փակելու Ազատության հրապարակն ու Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան:
Սաակաշվիլիի վերադարձի լուրը պաշտոնապես չի հաստատվել։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը Սաակաշվիլիի հայտարարության առնչությամբ հայտնել է, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: