ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ Հաագայի դատարանը, հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարությունների շրջանակներում՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկու երկրների հակընդդեմ հայցերով։
Հաագայի դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ նախնական միջոցների կիրառման պահանջին: Հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նման պահանջին:
Համավարակի կապակցությամբ հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձեւաչափով. դատավորների մի մասն անձամբ, մյուսները տեսակապով կմասնակցեն նիստերին: «Կողմերի ներկայացուցիչները նույնպես կարող են լսումներին մասնակցել անձամբ կամ տեսակապով»,- նշված է հաղորդագրությունում:
Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործընթաց սկսեց Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիային համաձայն: Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է ռասայական խտրականության մեջ, որը շարունակվել է տասնամյակներ եւ սրվել է Արցախյան վերջին պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան ժամանակ:
Ադրբեջանը սեպտեմբերի 24-ին հակընդդեմ հայց ներկայացրեց` պնդելով, թե Հայաստանն է իրականացրել եւ իրականացնում մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ նրանց ազգային եւ էթնիկ ծագման հիման վրա:
Երկու կողմն էլ պահանջել է վնասի փոխհատուցում եւ ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում, որոնք նախատեսված են վարույթի ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար: