ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուհանեկին: Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը եւ դրան առնչվող ու լուծման սպասող բազմաթիվ հումանիտար հարցերի:
Չեխիայի արտգործնախարարը հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Չեխիան շարունակում է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին։ Յակուբ Կուհանեկն ընդգծել է, որ Չեխիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին։
«Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում վերջերս տեղի ունեցած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հովանու ներքո»,- ընդգծել է Չեխիայի արտգործնախարարը։
Հայ գերիների անհապաղ ազատ արձակումը՝ առաջնահերթություն
Հանդիպման ժամանակ արտգործնախարարներն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման կարեւորությունը: ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ հանդիպմանը մանրամասն խոսել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին, կարեւորել նրանց անհապաղ ազատ արձակումը:
«Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ-ի դիրքորոշմանը. այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը եւ հակամարտության լուծման երկարատեւ, կայուն լուծման փնտրտուքին»,- նախարարների համատեղ ասուլիսում ընդգծել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ-ն պատրաստակամ է վերսկսելու խաղաղ կարգավորման գործընթացը
Անդրադառնալով Նյու Յորքում իր ունեցած հանդիպումներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է վերսկսելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա:
Յակուբ Կուլհանեկը հայտնել է նաեւ, որ Չեխիան մտադիր է հոգեբանական աջակցություն տրամադրել պատերազմից տուժած ընտանիքներին: Չեխ պաշտոնյան ընդգծել է, որ հաջորդ ամիս Երեւանում 3 տարվա ընդմիջումից հետո նախատեսվում է անցկացնել հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Կուլհանեկը հույս է հայտնել, որ այն կնպաստի հայ-չեխական համագործակցության ամրապնդմանը։
Չեխիայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այս առումով հայ ժողովուրդը բարձր է գնահատում Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևերի ընդունումը»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը:
Բիզնես ձեւաչափով հանդիպումներ
ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը Չեխիայի առեւտրի պալատի եւ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ այսօր Երեւանում կազմակերպել է հայ-չեխական գործարար համաժողով։ Բացման խոսքով հանդես են եկել Արարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը։
Համաժողովն անցկացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի այցի շրջանակում, որի ընթացքում տեղի են ունեցել նաեւ բիզնես (B2B ձեւաչափով) հանդիպումներ:
Չեխական կողմից համաժողովին մասնակցում է 13 կազմակերպություն, հայկական կողմից` ավելի քան 30։
Արարատ Միրզոյանը հայտնել է, որ անգամ համաճարակի շրջանում Չեխիայի հետ տնտեսական հարաբերություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, բացի դրանից՝ առկա է հսկայական չօգտագործված ներուժ, որի իրացման համար հարկավոր է նպատակային աշխատանք իրականացնել։
«Հայաստանի անդամակցությունը 180.8 միլիոն եւ 1.8 տրիլիոն ՀՆԱ ունեցող ԵԱՏՄ-ին, GSP+ առեւտրային ռեժիմը` ԵՄ–ի ու GSP ռեժիմը` ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի ու Շվեյցարիայի հետ լրացուցիչ խթան են Հայաստանում ներդրումային գրավչության ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար»,- ընդգծել է Միրզոյանը։
Միրզոյանը որպես համագործակցության առավել հավանական ոլորտներ նշել է բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ֆինանսավարկային, զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության, թափոնների կառավարման բնագավառները։
Երեւան-Պրագա-Երեւան ուղիղ չվերթը իրականություն կդառնա
«Կարեւոր ենք համարում նաեւ Երեւան-Պրահա ուղիղ ավիաչվերթեր իրականացնելու հնարավորությունը։ Սա եւս խթան կհանդիսանա գործարար կապերի առավել ակտիվացման ու զբոսաշրջության զարգացման համար»,- շեշտել է Միրզոյանը։ Նա հույս է հայտնել, որ ուղիղ չվերթը Չեխիայի ու Հայաստանի մայրաքաղաքների միջեւ իրականություն կդառնա մոտ ապագայում։
Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խաղաղության պայմանագիր կնքելու կոչ
Չեխիայի արտգործնախարարը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել երեկ ուշ երեկոյան՝ Բաքու այցից հետո: Ադրբեջանի ԱԳՆ-ում հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Յակուբ Կուհանեկն Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու կոչ է արել, որը «թույլ կտա ապահովել կայունություն եւ ամբողջ տարածաշրջանի զարգացում»։
Ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե «ազատագրված տարածքների» վերականգնման գործում երկու երկրների համագործակցության մեծ ներուժ կա։ Մասնավորապես, այդ նպատակով բանակցություններ են ընթանում չեխական ներդրումներ եւ ընկերություններ ներգրավելու համար։
Ադրբեջանն ապահովում է Չեխիայի կարիքների 30 տոկոսը
Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում Չեխիայի արտգործնախարարը հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնումը էներգետիկայի, առեւտրի, ներդրումների, տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաեւ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։ Երկկողմ համագործակցության հիմնական ոլորտը էներգետիկան է. Ադրբեջանը ապահովում է Չեխիայի կարիքների 30 տոկոսը։