Վերջին շաբաթներին Թուրքիայի ու Հայաստանի առաջնորդները բաց խոսեցին երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու հետաքրքրվածության մասին։ Ազդակները նախնական էին, ոչ հստակ եւ չէին խոստանում քաղաքական գործընթացի շարունակականություն կամ բեկում։ Վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը բարձրացվել է պարբերաբար։ Հիշատակման արժանի են 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, որոնք, սակայն, հետագայում հաջողության չհասան։ Արդյո՞ք ներկա փորձը կարող է հաջողել։ Որո՞նք են ռիսկերն ու օգուտները, որ կողմերը կարող են ակնկալել։ Ի՞նչ դեր ունեն այս ամենում Ռուսաստանն ու Ադրբեջանը, համաշխարհային ու տարածաշրջանային այլ դերակատարները։
Այս հարցերի շուրջ Կովկասյան թողարկման (Caucasus Edition) «Նոր պատերազմ եւ խաղաղություն» շարքի յոթերորդ վեբինարում զրուցում են Կովկասյան թողարկման (Caucasus Edition) խմբագիր, Սան Դիեգոյի համալսարանի, Կրոք դպրոցի Peace Studies-ի դասախոս Ֆիլիպ Գամաղելյանը եւ Միջազգային ճգնաժամային խմբի (Crisis Group) Թուրքիայի ծրագրերի ղեկավար Նիգար Գոկսելը։
Կարգավորման ներկա եւ 2009 թվականի գործընթացների տարբերություններն ու նմանությունները
Ֆիլիպ Գամաղելյան — Նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում ականատես եղանք Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդների կողմից իրար հղված հայտարարությունների, ինչը հարաբերությունների կարգավորման հերթական փորձի ազդակ է։ Իհարկե, սա հարաբերությունների կարգավորման առաջին փորձը չէ, եւ բոլոր նախորդները ձախողվել են։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ է ներկա իրավիճակը տարբերվում 2009-ից։ Արդյո՞ք կարգավորման ներկայիս փորձը այս անգամ հաջողելու ավելի շատ հնարավորություններ ունի։
Առավել ակնառու եւ բազմիցս քննարկված տարբերությունն այն է, որ 2009-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան պայմանավորում էր ղարաբաղյան բանակցային գործընթացի հաջողությամբ, ինչը ենթադրում էր հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարակից գոնե մի քանի շրջաններից։ Սրա փոխարեն տեղի ունեցավ 2020-ի պատերազմը։ Վերջին պատերազմից հետո այս նախապայմանը ինչ-որ չափով ժամանակավրեպ է. Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում հայկական ուժերի ներկայություն այլեւս չկա։ Քանի որ այս անգամ ազդակն առաջինը Անկարայից եկավ, կարելի է ենթադրել, որ այդ նախապայմանն այլեւս չկա։
Սակայն ավելի քիչ նկատելի կարեւոր այլ տարբերություններ էլ կան։ Այս անգամ Թուրքիան եւ Հայաստանն են նախաձեռնել հաղորդակցությունը, ոչ թե երրորդ կողմը, ինչպես նախորդ դեպքերում էր։ Այս փաստը հուշում է, որ երկու կողմից էլ անկեղծ հետաքրքրություն կա։
Երկրորդ տարբերությունը հաղորդակցության բաց եւ հանրային լինելն է։ Սա նույնպես ընգծված տարբերություն է կարգավորման նախկին փորձերի համեմատությամբ, որոնց դեպքում հարաբերություների կարգավորման փորձերին նախորդել են երկար, փակ բանակցություններ։ Թեպետ ոմանք կարող են պաշտպանել բանակցային գործընթացների գաղտնիության կարեւորությունը, այնուամենայնիվ, մինչ այժմ տեղի ունեցած բոլոր նման փորձերը հաջողության չեն հասել, մասնակիորեն հենց այն պատճառով, որ հանրությունները գործընթացից տեղյակ չեն եղել։ Գուցե ավելի բաց ու թափանցիկ գործընթացը կարող է ավելի դրական ազդեցություն ունենալ։
Մյուս կողմից՝ հաղորդակցությունը հանրային է, քանի որ Երեւանի ու Անկարայի միջեւ բացակայում են ուղիղ հացորդակցության խողովակները։ Սա աննախադեպ է, քանի որ մինչ այս ուղիղ կապ միշտ եղել է։ Բոլոր նախկին առաջնորդները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հանդիպել են Թուրքիայի իրենց գործընկերներին, եւ միշտ կապ է եղել երկու կողմերի միջին օղակների միջեւ։ Իմ տեղեկություններով՝ այժմ ուղիղ կապը բացակայում է, ինչը ստեղծում է դիմացինի հայտարարությունները սխալ մեկնաբանելու պարարտ հող, հատկապես, երբ անհնար է մյուս կողմից ուղիղ պարզաբանում խնդրել։ Սա նաեւ թույլ չի տալիս կողմերին հանրային հաղորդակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնել՝ շարժվելով դիվանագիտական կապերի հաստատման ճանապարհով։
Նիգար, դու ի՞նչ ես կարծում անցյալ փորձերի ու ներկա գործընթացի տարբերությունների մասին։
Նիգար Գոկսել — Երկու պատճառ կար, որոնք ինձ ստիպում էին հավատալ, որ այս անգամ գարծընթացն ավելի հեշտ կընթանա։ Երկուսն էլ շարունակում են հիմնավոր լինել, բայց ոչ այնքան, ինչքան ես էի կանխատեսում։
2009-ին Թուրքիան Հայաստանից հստակ քայլեր էր ակնկալում Լեռնային Ղարաբաղի տարածքների վերաբերյալ՝ հայկական ռազմական ուժերի դուրսբերում Ղարաբաղի հարակից յոթ շրջաններից։ Քանի որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերցրել է այս շրջանները, ու լսելով Ալիեւի խոսքերը, թե օգտակար կլինի, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, ես մտածում էի, որ այս խոչընդոտն այլեւս չկա։
Երկրորդը ցեղասպանության ճանաչման մասին է։ Հիշում եմ, որ 2009-ին բազմաթիվ հայեր հավատացած էին, որ Թուրքիան ձգտում է հարաբերությունների կարգավորման, որպեսզի կասեցնի ցեղասպանության ճանաչման գործընթացը, օրինակ՝ Վաշինգտոնին համոզում էին, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանության ընդունումը կարող էր խանգարել երկկողմանի հարաբերությունների կարգավորման դրական գործընթացին, կամ որպես այլընտրանք առաջարկում էին պատմության հեռանկարային հանձնաժողովի ստեղծումը (prospective history commission)։
Ի սկզբանե այս երկու պատճառներն էին ինձ ստիպում մտածել, որ այս անգամ ավելի հեշտ կլինի։
Վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ջերմ հարաբերություններ ունեն։ 2009-ին Բաքուն իրեն գործընթացից դուրս էր զգում, իսկ Ռուսաստանը՝ պատրաստ օգտվելու Թուրքիա-Ադրբեջան վատթարացող հարաբերություններից։ Ուստի հիմա Անկարայում խիստ ցանկություն կա խուսափելու նման իրավիճակից՝ Բաքվից գաղտնի ոչինչ չանելով ու թույլ չտալով որեւէ երրորդ կողմի (լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե Թուրքիայի ներքին ուլտրա-ազգայնական խմբերը) սեպ խրել Անկարայի ու Բաքվի միջեւ։
Երկրորդ, Թուրքիայի ներքին քաղաքական դինամիկան փոխվել է այնպես, որ կարող է ե՛ւ շահավետ, ե՛ւ ոչ շահավետ դիտարկվել կարգավորման համատեքստում։ 2009-ից ի վեր Էրդողանը ավելի է ամրապնդել իր իշխանությունը։ Ավանդական կամ, այսպես կոչված, ուլտրա-ազգայնական ուժերը կառավարության ու պետության մեջ ավելի մեծ տեղ ունեն։ Սրա դրական կողմն այն է, որ եթե դիտարկենք, որ Էրդողանը հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք է հայտնել, ազգայնական խմբերը հանուն քաղաքական միավորների չեն վարկաբեկի գործընթացը։ Սակայն այլ փոփոխություններ եւս կան։
Արտաքին քաղաքականության կազմակերպումը այժմ մասնատված է։ Հնարավոր են համակարգման խնդիրներ անվտանգային, արտաքին հարաբերությունների, նախագահի տարբեր խորհրդականների եւ այլ խբերի միջեւ։ Ես այս անհամաձայնությունները այլ հակասությունների համատեքստում էլ եմ նկատում։
Մեկ այլ փոփոխություն է այն, որ լիբերալ քաղհասարակությունը, որը կամրջի դեր է խաղացել հասարակությունների միջեւ, թուլացել է, քաղհասարակության մյուս մասն էլ Թուրքիա-Հայաստան հարցում բավարար ներգրավվածություն չունի եւ բավարար չափով տեղեկացված չէ։ Այս պատճառով դժվարանում եմ պատկերացնել, թե ովքեր են թուրքական կողմում նախաձեռնելու հանրային քննարկումներ։
Երրորդ, Թուրքիա-Ռուսաստան ու Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունները փոխվել են, Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններն էլ վատթարացել են։ Թուրքիան ու Ռուսաստանն արդեն իրար հետ այլ թատերաբեմերում գործ են ունեցել։ Ռուսաստանն իր ձեռքում լծակներ ունի աշխարհագրական այլ գոտիներում, որոնք Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեն, օրինակ՝ Սիրիայում։ Ուստի Թուրքիան պատրաստ է շատ զգայուն լինելու իր քայլերում՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս չհանելու հարցում։
Չորրորդ, 2009-ի համեմատությամբ եւս մեկ տարբերություն է այն, որ Անկարան այս անգամ չի ակնկալում ամեն ինչ իրականացնել մեկ վերընթաց արարողությամբ, այլ քայլ առ քայլ՝ ապահովելով, որ մյուս դերակատարները գործընթացի համար վտանգ չդառնան։ Իհարկե հասկանում եմ, թե ինչու սա կարող է վստահության խնդիրներ առաջացնել եւ համբերությունը չարաշահել։
Կովկասյան թողարկման (Caucasus Edition) «Նոր պատերազմ և խաղաղություն» վեբինարների շարքի նպատակն է ծառայել որպես հարթակ ղարաբաղյան հակամարտության եւ բանակցային գործընթացի անցյալի, ներկայի, ապագայի քննարկման համար` ներգրավելով հետազոտողների, մասնագետների, քաղաքական մեկնաբանների Հայաստանից եւ Արդբեջանից, ինչպես նաեւ միջազգային մասնագետների։ Վեբինարներն անդրադառնում են տեղական եւ աշխարհաքաղաքական կարեւորության բազմաթիվ հարցերի, ինչպես նաեւ անցումային արդարադատության ու պատերազմի ոճրագործություններին անդրադարձող այլ մեխանիզմների։ Շարքը նպատակ ունի քննարկելու այն ճանապարհները, որ կարող են տանել խաղաղության ավելի արդյունավետ գործընթացի, ինչն էլ տարածաշրջանի հասարակություններին կօգնի շարժվելու դեպի կայուն խաղաղություն եւ սոցիալական արդարություն։
շարունակելի