Աֆղանստանի լրագրողների միության ներկայացուցիչ Մասրուր Լոտֆին հայտնել է, որ «Թալիբան» շարժման կողմնակիցների իշխանության գալուց հետո Աֆղանստանում ազգային լրատվամիջոցների մոտ 70%-ը փակվել է անվտանգության եւ տնտեսական խնդիրների պատճառով:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւս արձանագրել է, որ օգոստոսից` Աֆղանստանի վերահսկողությանը հասնելուց ի վեր, թալիբները «լայն սահմանափակումներ են կիրառում զանգվածային լրատվամիջոցների եւ խոսքի ազատության նկատմամբ»:
Թալիբները չեն խրախուսում նաեւ այցերը գրադարաններ: Ըստ TOLOnew հեռուստաալիքի, Աֆղանստանում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակով պայմանավորված, փակվել է գրադարանների, գրախանութների եւ հրատարակչությունների 95%-ը:
Աֆղանստանի հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ահմադ Սաիդը նշել է, որ գրավաճառներն ու հրատարակիչները հայտնվել են փակուղում: Կենսական տարրական միջոցներից զրկված մարդկանց համար գրքերը երկրորդ, երրրոդ պլանում են հայտնվել:
«Մարդիկ հայտնվել են ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային ճգնաժամի մեջ»,- նկատել է աֆղանստանցի գրող եւ բանաստեղծ Ջավիդ Ֆարհադը:
Նախքան «Թալիբան» շարժման իշխանության գալը երկրում գործունեություն էին ծավալում շուրջ 180 հրատարակչություն, 525 գրախանութ, որոնցից 280-ը՝ Քաբուլում:
Գրահրատարակչության եւ գրավաճառության ոլորտում նման իրավիճակ էր նաեւ 1996-2001 թվականներին, երբ իշխանության ղեկին էին թալիբները: Բացի տնտեսական ծանր դրությունից՝ ոլորտի աշխատողները բախվում էին պատկերազարդ տպագիր արտադրանքի տարածման՝ արմատականների արգելքին: