Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը նախօրեին նշել են 1980-1988 թվականներին տեղի ունեցած Իրան-իրաքյան պատերազմում նահատակված Հրաչ Հակոբյանի վերահուղարկավորման մեկ տարին, տեղի է ունեցել նոր դրված շիրմաքարի օրհնության կարգ:
«Ալիք Մեդիա»-ն Սպահանի ազգային առաջնորդարանից տեղեկացավ, որ արարողությանը հայ համայնքի գործիչներից բացի ներկա են եղել իրանյան բանակի բարձրագույն հրամանատարներ եւ սպաներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, որոնց ներկայությունը մեկ անգամ եւս շեշտել է Իրան-իրաքյան պատերազմից 33 տարի հետո Իրանում զինվորի մարմնի նույնականացման բացառիկ փաստը:
Ինչպես տեղեկանում ենք առաջնորդարանից, 1965-ին ծնված իրանահայ Հրաչ Հակոբյանը զոհվել է 1987 թվականի ապրիլի 9-ին՝ Բաբա Հադի բարձունքների ազատագրման համար իրականացված «Քարբալա 9» գործողության ժամանակ: Երկար տարիներ դին չի գտնվել, եւ նա համարվել է անհետ կորած: 2012 թվականին Բաբա Հադի բարձունքներում հերթական որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է մարմին, սակայն ինքնության չպարզվելու պատճառով, որպես անանուն զինվոր, 2013 թվականին հուղարկավորվել է Զահեդան քաղաքի Ազատ համալսարանի շրջափակում: 2020 թվականին ԴՆԹ փորձաքննությունից պարզվել է, որ այն Հրաչ Հակոբյանի մարմինն է: Իրան-իրաքյան պատերազմի հայ մասնակցի աճյունը հարազատների ցանկությամբ փոխադրվել է նրա ծննդավայրի՝ Նոր Ջուղայի հայոց գերեզմանատուն:
Նախօրեին գերեզմանատանը շիրմաքարի օրհնման արարողության ժամանակ Սպահանի հայոց թեմի առաջնորդն ու Հրաչ Հակոբյանի հարազատները շնորհակալություն են հայտնել պետական մարմիններին՝ հայ զինվորի ինքնությունը պարզելու եւ մարմինը Նոր Ջուղա տեղափոխելու համար: Իրանյան բանակի պատասխանատուները կարեւորել են իրանահայ համայնքի դերակատարությունը Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի ընթացքում՝ նշելով, որ դա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Իրանի հայությունը կարեւորում է երկրի տարածքային ամբողջականության պահպանումը: Պատերազմի ընթացքում զոհվել է 98 հայ, վիրավորվել՝ 45-ը:
Միաժամանակ նշվել է, որ պատերազմի ավարտից 34 տարի հետո Իրանը շարունակում է ստանալ պատերազմում զոհվածների մարմիններ եւ մասունքներ. այս տարվա հունվարին իշխանությունները ստացել են պատերազմում զոհված 55 իրանցու մասունք, որոնց ինքնությունը պարզելու համար կատարվում են փորձաքննություններ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։